
Սյունիքի մարզում «Տաթեւի զբոսաշրջության զարգացման ծրագրում» ընդգրկված՝ Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Շինուհայր եւ Տանձատափ գյուղական համայնքների մի մասը գյուղի ապագան կապում է զբոսաշրջության զարգացման հետ, մի մասն էլ՝ հանքարդյունաբերության: Այս տարածաշրջանում ոսկու եւ երկաթի հանքավայրի հնարավոր շահագործման տարբերակներ են քննարկվում ու գործընթացներ իրականացվում: Տանձատափի գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը նշում է, որ իրենց գյուղը միանշանակ կողմ է, որ զբոսաշրջության ծրագրի ակտիվացմամբ գյուղը զարգանա, ոչ թե՝ հանքարդյունաբերության: 
Այլ տրամադրվածություն է Սվարանց գյուղում: Դատարկվող ու ծերացած գյուղում համայնքի փրկությունը տեսնում են երկաթի հանքի շահագործմամբ գյուղացիների համար աշխատատեղերի ստեղծման մեջ: Տարեկան 15-20 մարդ է հեռանում գյուղից՝ աշխատանք ու գյուղում զբաղմունք չունենալու պատճառով: Բնակավայրի 123 տնտեսությունից միայն 68-ում է մարդ բնակվում, մնացածը դատարկ են: Այս 68 ընտանիքներից միայն 38-ում է 1-ից ավելի շունչ ապրում, մյուս 30-ում միայնակ տարեցներ են: «Թող ինչով ուզում են զարգացնեն գյուղը, մենակ թե գյուղը չդատարկվի, ուզում են հանք բացեն, թե տուրիստներ բերեն լցնեն, մերն էն է՝ մարդիկ գործ ունենան, ապրեն»,- նշում են սվարանցցիները: Իսկ համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանը հավաստիացնում է, որ մինչեւ օրս տարածաշրջանում տուրիզմի զարգացման ծրագրից իրենց գյուղում նույնիսկ չնչին առաջընթաց չի նկատվել: «Մի քանի անգամ տուրիստ է եկել, զուգարանի 
Ի տարբերություն Սվարանցի, ակտիվ շարժ է նկատվում Շինուհայրում, բնակիչները փաստում են, որ տուրիզմը խթանել է գյուղի կյանքի ակտիվացումը: Ամառվա ամենապիկ սեզոնին օրական 400-500 այցելու է անցնում գյուղով եւ գնումներ անում գյուղի խանութներից: «Գյուղի կյանքը բավականին աշխուժացել է, նույնիսկ մարդիկ շահագրգռված են իջեւանատներ ստեղծեն՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Կարծում եմ, տուրիզմը կխթանի բնակիչների բյուջեի ավելացմանը, փաստն այն է, որ տուրիզմի ծրագիրը դրականորեն է անդրադառնում գյուղի կյանքի վրա: Իսկ ինչ վերաբերում է Հալիձորի հանքի շահագործմանը, ապա դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, եւ պարզ չի՝ վաղն այն կաշխատի, թե ոչ, կամ աշխատելու դեպքում ինչ ծավալով կաշխատի ու ինչպես կանդրադառնա գյուղի կյանքի վրա»,- նշեց Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը:
Կարդացեք նաև
Տաթեւում էլ կողմ են եւ տուրիզմի, եւ հանքարդյունաբերության զարգացմանը, եթե, իհարկե, հանքերի շահագործմամբ բնակիչների առողջությանը ու շրջակա միջավայրին վնաս չլինի: Դրական տեղաշարժ Տաթեւում նկատելի է զբոսաշրջիկների հոսքից, բայց դրանից ամբողջ գյուղին չի օգուտ եղել: «Սվարանցի հանքն էստեղից հեռու է՝ չի երեւում, կարծում եմ՝ վնաս չի լինի դրա շահագործումից, իսկ ահա ճոպանուղուց Հալիձորի հանքը պարզ երեւում է, եթե էդ հանքի շահագործումից ուրան կամ այլ ճառագայթավտանգ հանքանյութեր չլինեն, մարդկանց չվնասեն, էդքան էլ դեմ չենք հանքի գործարկմանը, գյուղացիներն էլ Կապանի կամ Քաջարանի կոմբինատներ աշխատելու մեկնելու ու գյուղը լքելու փոխարեն՝ էստեղ կաշխատեն»,- կարծում է Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Հալիձոր համայնքի մերձակա տարածքում ոսկու հանքավայրում իրականացվող հետախուզական աշխատանքը բնակչության դժգոհությունն է առաջացրել: Նրանք ցավով նշում են, որ Սյունիքում միակ էկոլոգիական մաքուր վիճակում գտնվող տարածաշրջանն էլ է կանգնած աղտոտման վտանգի առջեւ: «Իբրեւ մի մաքուր տեղ կար, էն էլ են ուզում կեղտոտեն: Հենա ամբողջ հանրապետությունը հանքարդյունաբերություն է, թող էս մի կտոր տեղը մաքուր մնա, որ մարդիկ գոնե էստեղ գան մաքուր օդ շնչեն»,- ասում են հալիձորցիները: Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանի խոսքով, հետախուզական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցները հավաստիացրել են, որ համապատասխան լիցենզիա ունեն, բայց գյուղապետը մինչեւ օրս այն չի տեսել: «Մեկ ամիս առաջ հանդիպել եմ աշխատակիցների հետ, ասել եմ՝ լիցենզիան կբերեք ցույց տաք, բայց մինչեւ հիմա չեն բերել: Տվյալ տարածքի հողատերերի հետ են հանդիպել ու հորատման աշխատանքներ կատարել: Բայց ես առաջնահերթությունը տալիս եմ տուրիզմին, գտնում եմ, որ մեր տարածաշրջանի համար ամենաճիշտը տուրիզմը զարգացնելն է, ոչ թե հանքահանումը: Մեր գյուղը մասնակի օգուտներ արձանագրել է տուրիզմի ծրագրից: Սկզբնական շրջանում 30-40 հոգի ներգրավվել են ճոպանուղու կառուցման աշխատանքներում, այժմ էլ զբոսաշրջիկների շարժ կա, 5-6 ընտանիք իրենց տները բարեկարգել են տուրիստներին հյուրընկալելու համար, կարծում եմ տուրիզմը զարգացնելով՝ գնալով ավելի դրական տեղաշարժ կլինի Հալիձորի կյանքում»,- կարծում է 601 բնակիչ ունեցող Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































