Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դուդուկով, Արարատի խորհրդանիշով եւ Արարատի հետ կապ չունեցող դոփապարով բացվեց «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի մրցույթը, որին մասնակցում է 13 երկիր՝ Ռուսաստանը, Լատվիան, Մոլդովան, Հայաստանը, Բուլղարիան, Լիտվան, Ուկրաինան, Մակեդոնիան, Նիդեռլանդները, Բելառուսը, Շվեդիան, Վրաստանը եւ Բելգիան: Մեր երկիրը ներկայացնող Դալիթան շատ լավ հանդես եկավ 4-րդ համարի ներքո՝ իր «Welcome to Armenia» երգով: Հաջող էին Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ներկայացուցիչների ելույթները: Ինչպես ավանդաբար պատահում է «Եվրատեսիլում», միմյանց հետ լավ հարաբերություններ ունեցող երկրները իրար բարձր միավորներ շնորհեցին: Իհարկե, եղան չնչին բացառություններ. Ռուսաստանը վրացական «Քենդի» խմբին 10 միավոր տվեց, իսկ Վրաստանը Ռուսաստանի ներկայացուցչին՝ 1: «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ճանաչվեց վրացական «Քենդին»՝ Candy Music երգով, որի համար վաստակեց 108 միավոր: Հաղթողը որոշվեց հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկությամբ` 50-50 տոկոս համամասնությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: