
Այս համաժողովի նպատակն էր մեր մասնագետներին սովորեցնել, թե ինչպես պետք է տնտեսական արդյունավետ գործունեությունը վարել, որ վնաս չհասցվի շրջակա միջավայրին: Չնայած դրան, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը Aravot.am-ին ասաց, որ մեր երկրում դրա փայլուն օրինակները արդեն կան՝ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու ծրագրի տապալումը, լեռնահանքարդյունաբերության մեջ կատարվող ներդրումները եւ այլն. «Ես կարծում եմ, որ Թռչկանի նախաձեռնությունը շատ լավն է, քանի որ քաղաքացիական նախաձեռնությամբ արգելվեց այնտեղ ՀԷԿ-ի կառուցումը, որովհետեւ այն վնաս էր հասցնելու շրջակա միջավայրին: Ես համարում եմ դա լավ օրինակ, քանի որ ձեր կառավարությունը արձագանքեց բնապահպանների բողոքի ակցիաներին»: Նրա խոսքերով, լավ է նաեւ այն, որ ՀՀ կառավարությունը պլաններ ունի մշակել հատուկ ծրագիր՝ շրջակա միջավայրի պաշտպանությունն ապահովելու. «Շատ բարդ է, շրջակա միջավայրը պահպանելու գնով հասնել տնտեսության զարգացմանը, բայց անհրաժեշտ է: Գերմանիայում մեր կառավարությունը շրջակա միջավայրը պաշտպանելու համար առաջին հերթին բարձրացրեց տուգանքների շեմը, որը պետք է մուծվեր, եթե ինչ որ տեղ վնաս էր հասցվել շրջակա միջավայրին»: Ըստ նրա, մասնավոր սեկտորը պետք է մեծ ներդրումներ անի, որպեսզի գյուղատնտեսությանը եւ օդի մաքրությանը հասցված վնասի հետեւանքները վերականգնվեն: Նա ասաց, որ արդեն կա նաեւ Վանաձորում աղբի վերամշակման ծրագիր, որը պիլոտային ծրագիր է դեռեւս:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ


















































