
Այսօր արդեն ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ընտրություններից հետո «Առավոտը» ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանից փորձեց ճշտել, թե արդյոք խմբակցությունն այդ հարցում միասնական դիրքորոշում ունեցե՞լ է եւ ինչպե՞ս է քվեարկել: «Այո, ընդհանուր, բայց հստակ դիրքորոշում եղել է՝ ազատ քվեարկություն»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։
Իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն չի քվեարկել իր ընդդիմադիր գործընկերոջ՝ «Ժառանգության» թեկնածուի օգտին. «Իսկ Լարիսա Ալավերդյանն ուզո՞ւմ էր ընտրվել: Չեմ զգացել»: Նկատի ունեք նախօրեի նրա ելո՞ւյթը. «Նախ եթե լիներ՝ մեր գործընկերներն էին, մի հատ մեզ կասեին, որ էդ տեսակ խնդիր ունեն: Մենք հաճախ ենք տարբեր, ամենափոքր խնդիրների շուրջ իրար հետ խորհրդակցում եւ ճշտում: Նախ՝ չեմ կարծում, թե նման ցանկություն եղել է։ Երկրորդ, նույնիսկ իրենք ամբողջ խմբակցությունով նրան ձայն չեն տվել: Նշանակում է՝ իրենք էլ նման խնդիր չեն ունեցել»:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը 7 պատգամավոր ունի, մինչդեռ Ալավերդյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել ընդամենը 4 պատգամավոր: ԱԺ-ում չէին Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու այդ խմբակցության պատգամավոր՝ այլեւս ՍԴՀԿ-ական Վարդան Խաչատրյանը։
Այդուհանդերձ, եթե ԱԺ նիստին գրանցված բոլոր 106 պատգամավորերից ընդամենը 4-ն են Ալավերդյանին կողմ քվեարկել, ենթադրվում է, որ նրանք ժառանգականներ են եղել, ապա ստացվում է, որ ՀՅԴ-ն էլ է Նիկոյանի թեկնածության օգտին քվեարկել: Մեր այս թվաբանությանը պատգամավոր Արտյուշա Շահբազյանը կատակով հակադարձեց. «Կարող է ձայն է՞լ են տվել Լարիսա Ալավերդյանին, վստահ չգիտեմ»: Այսինքն, ասել կուզեք՝ Ալավերդյանին կողմ քվեարկած 4 պատգամավորներից ոչ բոլո՞րն են եղել «Ժառանգության» պատգամավորներ: «Հնարավոր է»,- դարձյալ կատակով հավելեց ՀՅԴ պատգամավորը։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































