
Ըստ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի՝ Սամվել Նիկոյանը «արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ»: Նույն ձեւակերպումը, կրկին առանց տարեթվերի, առկա է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով. չորրորդ գումարման ուղեցույց» գրքում (Երեւան, «Անտարես», 2009, էջ 138): Իսկ ահա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով. երրորդ գումարում» գրքում (Երեւան 2004, Ազգային ժողովի աշխատակազմ, «Տիգրան Մեծ», էջ 120) գրված է, որ Սամվել Նիկոյանը «1991-1994 հատվածում եղել է Աբովյանի շրջանի «Սալիկ» կոոպերատիվի նախագահը»: Այդ ինչ է արել «Սալիկի» նախագահ Սամվել Նիկոյանը, որ հարիր չէ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ արժանի է մոռացության՝ Սամվել Նիկոյանը չի ասում:
Երեկվա քաղաքական փոփոխությունը, որ արդեն տեղ է գտել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում, դեռ չի երեւում Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում: Այստեղ Սամվել Նիկոյանը, որի «Սալիկի» նախագահ լինելը թաքցրած չէ, դեռ ԱԺ փոխնախագահն է, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ նախագահ:
Սեփական կենսագրությունը հակասություններով ներկայացնելը կամ խմբագրելը՝ անձի մասին կարծիք ձեւավորելու հիմնական գործոններից մեկն է:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ.-1 Սամվել Նիկոյանի կենսագրականում նշված է, որ նա եղել է ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ: ԱՄԿ անդամ Պարույր Հայրիկյանն «Ա1+»-ին ասել է, որ այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Հ.Գ.-2 ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշված է, որ Սերժ Սարգսյանը «աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը»: Լավ կլինի, որ հանրապետականները հետեւեն իրենց նախագահին ու կենսագրականներում անցյալը ներկայացնեն ինչպես որ եղել է:


















































