
Այսօր՝ երկրաշարժից 23 տարի անց, վիճակը չի փոխվել: Վանաձորի բնակֆոնդի 1030 շենքերից 250-ը նորակառույց են, 84-ը՝ երրորդ կարգի վթարայնության, դրանցից 10-ը անհապաղ վերանորոգման կարիք ունեն: Վերջին տարիներին շենքերը քայքայվում են արտեզյան ջրերից եւ ջրամատակարարման համակարգի վթարային խողովակներից հոսող ջրերից, զգալի մասն էլ՝ տանիքից: «Եթե այսօր երկրաշարժ լինի՝ քաղաքի բնակֆոնդի կեսից ավելին կփլվի, իսկ Գրիգոր Լուսավորիչ 17 և 28 շենքերի հետքն անգամ չի մնա»,- տեղեկացնում են «Վանսեյսմշին» ՍՊԸ-ից:
Կազմակերպությունը շենքերի սեյսմակայունության վերջին հետազոտությունը կատարել է 2003թ.-ին: Տնօրեն Անդրանիկ Սուքիասյանը մտորում է. «Ո՞վ կարող է երաշխավորել, որ 10 տարվա ընթացքում շենքերը նույն սեյսմակայունությամբ են մնացել, տարեցտարի շենքը կորցնում է իր ամրությունը: Չգիտենք, որ թաղամասն է ավելի սեյսմակայուն, եւ ինչ է սպասվում մեզ, հնարավոր է՝ արտաքինից ամուր շենքն ավելի շուտ փլվի, քան վթարայինը»:
Վանաձորի քաղաքապետարանն էլ ավելի շատ ուշադրություն է դարձնում 84 վթարային շենքերին: Յուրաքանչյուր տարի Վանաձորը խնդրանք-դիմումներ է ուղղում ՀՀ կառավարությանը: Եթե նախորդ տարիներին կառավարությունը պատասխանում էր, թե հարցը կլուծվի, երբ ՀՀ բյուջեն հնարավորություն ունենա, այս տարի որեւէ պատասխան չի եղել: «Դա մի կողմից հուսադրում է, մյուս կողմից՝ հիասթափեցնում: Հասկանում եմ, որ ՀՀ կառավարության ուշադրությունն այս պահին 24 գյուղական համայնքների շինարարական աշխատանքների վրա է սեւեռված, սակայն ոչ մի աղետ չի սպասում, թե երբ պիտի պատրաստ դիմակայեն , նոր գա»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի վարիչ Տիգրան Պապանյանը:
Կարդացեք նաև
Այս պահին կառավարության ֆինանսավորմամբ 24 գյուղերում կառուցվում է 1857 առանձնատուն, այն ընտանիքների համար, որոնք 1988-ից այսկողմ չեն ստացել ոչ մի փոխհատուցում: 2013-ից հետո առանձնատներ կկառուցվեն Սպիտակում, Ստեփանավանում եւ Վանաձորում ապրող նման ընտանիքների համար. Սպիտակում՝ 600, Ստեփանավանում՝ 330, Վանաձորում 58 նման ընտանիք է ապրում:
Վանաձորցիները միայն երկրաշարժ բառը լսելիս սարսափում են, սակայն իրազեկված չեն, ինչպես պաշտպանել իրենց: Վթարային շենքերի բնակիչներն էլ զարմանում են, թե ինչպես կարելի է 23 տարի ապրել, իշխանությունների կողմից անտեսված: «Իրենց երկրի քաղաքացու ճակատագրի վրա թքած ունեն, տեսնես ինչ է մտածում մեր լոռեցի վարչապետը, մոռացել է մեծ աղետը»,- ասում է երկրաշարժի պատճառով մեկ աչքն ու 2 երեխաներին կորցրած տիկին Սեդան:
Հ.Գ.-Այսօր Վանաձորի գերեզմանատները լիքն էին մարդկանցով, իսկ Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրած հուշաքարին, սովորույթը չխախտելու համար, ծաղկեպսակ են դնում միայն պետական օղակների ներկայացուցիչները: Իսկ ուսանողներն ու բարձր դասարանցիները գնում են միայն թվաքանակ ապահովելու համար, այն էլ՝ պարտադրանքի ուժով:
Նելլի ԴԱՎԹՅԱՆ


















































