
Թիվ 1 թատրոնի մեծ հնարավորությունները. այսպես կարելի է բնութագրել կայանալիք գալա համերգների շարքը, որը նախաձեռնել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ոչ մեծ խաղացանկ ունեցող թատրոնի համար սա իսկապես ստեղծագործական ձեռքբերում է, միջոց՝ առավել գործուն դարձնելու թատրոն-հանդիսատես կապը, հնարավորություն տալ ճանաչված ու սկսնակ արտիստներին՝ հանդես գալու հայ եւ արտասահմանյան գրականության նաեւ այնպիսի դերերգերով ու դերապարերով, որոնց բեմադրությունները դեռեւս իրականացված չեն թատրոնի խաղացանկում:
Օպերա-գալան կկայանա դեկտեմբերի 16-ին, բալետ-գալան՝ 21-ին:
«Առավոտի» հետ զրույցում թատրոնի կառավարիչները՝ տնօրեն՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը եւ գլխավոր խորմայստեր Կարեն Սարգսյանը, իրարից անկախ, փաստեցին ստեղծագործական նույն ձեռքբերումներն ու կիսվեցին նույն մտահոգությունների շուրջ:
Կարդացեք նաև
Մեղավորը հայտնի է
Հռչակավոր օպերային թատրոնների «օրինակով», համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի շրջանցել Երեւանի թատրոնը, թեեւ այս տարի կայացել է երկու առաջնախաղ՝ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի ու Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումների պրեմիերաները: Տարվա կտրվածքով մինչ օրս ներկայացվել է խաղացանկային 34 օպերային եւ 23 բալետային ներկայացում, այդ թվում՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի հետ համատեղ՝ Պուչինիի «Ծիծեռնակը»: Դեկտեմբերի 28-ին էլ կկայանա Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումը: Արտերկրից հրավիրված մասնագետները անցկացրել են վարպետության դասեր: Համերգասրահներում (Ա. Բաբաջանյանի անվան եւ Երաժշտական ընկերության դահլիճներում եւ այլ) օպերային թատրոնի արտիստները հանդես են եկել տարբեր ծրագրերով:
Թատրոնը՝
հոբելյարներին

Չկայացած հյուրախաղեր
Դեռեւս գարնանը Քաթարում ծրագրված Ա. Խաչատրյանի երեւանյան «Սպարտակ» բալետի 3 ներկայացումները ձգձգվում են մինչ օրս հրավիրող կողմի «մեղքով»: Նույն պատճառով էլ չեն կայանա նաեւ Աբու Դաբիում դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը օպերային թատրոնի նվագախմբի հյուրախաղերը: Այսուհանդերձ, տարվա ընթացքում արտերկրում կայացած օպերային ներկայացումներում իրենց մասնակցությունն են ունեցել Երեւանի թատրոնի արտիստները:
2012-ի «երազանքները»
Ամանորյա տոներից հետո թատրոնը ձեռնամուխ կլինի եւ վաղ գարնանը բեմ կբարձրացնի «Կարմեն» օպերան: «Հերթագրված» է նաեւ Պուչինիի «Բոհեմը»: Մեծ ցանկություն կա օպերային թատրոնում բեմադրել Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































