
Aravot.am-ի հարցին` դուք կարծում եք` Լիսկայի պես «լավ տղեն» ընդունա՞կ է ներողություն խնդրելու եւ զղջալու` տիկին Համբարձումյանն ասաց, որ, համենայնդեպս, Լիսկայի բառապաշարով ասած`«պրիզնատ է եկել, որ դեպքը եղել է, իսկ եթե պարզվի, որ չի զղջացել` կբողոքարկենք»:
Նա լրագրողներին բաժանեց Հատուկ քննչական ծառայության որոշումը, որտեղ մեկ տողով նշված է, որ Լիսկան կնոջ գլուխը ձեռքով հրելուց հետո «արագ տիրապետել է իրեն եւ զղջացել իր այդ արարքի, ինչպես նաեւ սադրանքի ենթարկվելու համար»:
Տիկին Համբարձումյանն իր հաղթանակն է համարում այն, որ Լիսկան ուզեցել է ընդամենը 100 հազար տալ ու պրծնել. «Կարծում էր` ես իր իմացած մարդկանցից եմ, բայց ես մուրացկան չեմ: Մարզպետը կյանքում ոչ մեկին փող չի տվել, նա փող վերցնող՝ տվող չի: Ես առաջինն էի, որին նա փող է տալու: Նա ասել է` մենակ դու ես, որ 100 հազար կտամ, դա ի՞նչ է նշանակում, Սիլվա Համբարձումյանն ինչ–որ տեղ ունի էս հանրապետությունում, եթե լիներ Անահիտ Պետրոսյան–Պողոսյան` ոչ մի բան էլ չէր տալու, ինքը քցելու ունակ մարդ է: Մարդիկ կան` Մոսկվայում ճանաչում եմ, Գորիսում հյուրանոց էին կառուցել` սա ասել էր` ես պետք է փայի մեջ լինեմ` թողել գնացել էին: Էս դեպքերից հետո նոր եկել–սկսել էին հյուրանոցի կառուցումը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Սիլվա Համբարձումյանը դեռ շրջում է թիկնապահի ուղեկցությամբ, եւ հարցին` մինչեւ ե՞րբ եք օգտվելու այդ ծառայությունից` պատասխանեց. «Այնքան, որքան ես կուզենամ: Ես ամբողջ կյանքում ինչ–որ մեկից վախ չեմ ունեցել, բայց Սյունիքի մարզպետի դեպքում, հաշվի առնելով, թե իր եղբայրները, եղբոր տղաները այսօր որտեղ են եւ ինչի համար` վախ կա, չէ՞ որ Սյունիքում ես գործարան ունեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































