Դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Երեւան քաղաքի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ: Խոսելով օպերատիվ ծառայության աշխատանքի կարեւորության եւ առանձնահատկությունների մասին` ոստիկանության պետն ընդգծեց իր առանձնակի վերաբերմունքը համակարգի գործունեության այդ ոլորտի հանդեպ. «Ես աշխատելու եմ օպերատիվ անձնակազմի հետ: Ինքս օպերատիվ աշխատող եմ եղել եւ աշխատելու եմ ձեզ հետ: Ժամանակն է օպերատիվ աշխատանքով ամրագրել այն բոլոր հաջողությունները, ինչ մենք կունենանք արտաքին ծառայությունում: Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ուղղակի ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ»:
Վլադիմիր Գասպարյանը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ առանց ոստիկանության բոլոր օղակների ուժեղացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման անհնար է լուրջ հաջողություն ակնկալել առանձին վերցված մեկ ոլորտում:
Խոսելով օպերատիվ ծառայությունների խնդիրների մասին` ոստիկանության պետը հանձնարարեց կարճ ժամկետում պատշաճ մակարդակ ապահովել աշխատանքային եւ կատարողական կարգապահության ոլորտում, ուժեղացնել փոխգործակցությունը բոլոր այն ծառայությունների հետ, որոնք առնչվում են օպերատիվ ծառայությունների բնագավառին, սերտացնել կապը մարզային ստորաբաժանումների հետ:
Միայն հստակ ու բազմակողմանի համագործակցության դեպքում, ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը, հնարավոր կլինի հասնել լուրջ որակական տեղաշարժի:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին կոչ արեց ընթացիկ աշխատանքին զուգահեռ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նախկին տարիներին կատարված ու չբացահայտված հանցագործությունների խնդիրը: Անդրադառնալով վերջին օրերին այս կարգի գործերի բացահայտումներին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց. «Տեսնո՞ւմ եք, տղե՛րք, որ ուզում եք, ստացվում է: Ստացվում է եւ՛ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, եւ արտոնյալ հետախուզվողներ բռնել… Եվ անընդհատ բռնվելու են իրենք»:
Հանդիպման մասնակիցների համար անակնկալ էր, որ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հենց տեղում հրամաններ ստորագրեց, որոնցով խրախուսվեցին ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք աշխատակիցներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: