
Ակցիայի մասնակիցները դիմում-նամակ էին պատրաստել, որն, ըստ նրանց, նախագահի աշխատակազմի նամակների բաժնի ղեկավարը հրաժարվում է ընդունել: Հաշմանդամ օդաչու Դավիթ Դավթյանին ընդունեցին նախագահականում, սակայն ըստ նրա՝ ոչ մի լիարժեք պատասխան այդպես էլ չտվեցին: Դ. Դավթյանի խոսքերով՝ «6 տարի է՝ նամակ ենք ուղարկում, բայց բանի տեղ չեն դնում: Հիմա էլ ասում են՝ հա թողեք ձեր նամակը, բայց հրաժարվում են ստորագրել, որ ստացել են այդ նամակը: Հայկական ավիաուղիներին ովքեր հասցրեցին սնանկության՝ պարտք են մեզ: Օրենքն ասում է՝ լուծարման դեպքում իրավաբանական անձը պատասխանատու է իր գույքով: Չվերթները եւս գույք են՝ որոնք օրական 300-400 հազար դոլար եկամուտ են բերել: Պետությունը վերցրեց այդ չվերթները առանց որեւէ պատասխանատվության ու իրավահաջորդ ճանաչելու. դրանք տվեց «Արմավիային» ու «Սիբիրավիային» ու մեզ էլ ասում են՝ պետությունը ձեր տերը չէ»:
Այս ակցիան, ինչպես նշեցին հաշմանդամ օդաչուները, սկսել են 118 անձով, բայց շատերն արդեն մահացել են, հիմա մնացել է 92 պահանջատեր. «Սպասում են բոլորը մահանան, որ պաշտոնյաները ուռա՜ գոռան: Սերժ Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ լուծեց «Հայկական ավիաուղիների» աշխատակիցների եւ նպաստառուների հարցերը, բայց հաշմանդամներին բանի տեղ չդրեցին»,-զայրացած ասացին նախկին օդաչուները:
Ակցիային մասնակցում էին նաեւ զոհված օդաչուների մայրեր ու կանայք. նրանք էլ պահանջում են որպես ընտանիքի միակ կերակրողին կորցրած ընտանիքի՝ օրենքով հասանելիք գումարը, որը տարիներով չեն ստացել:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Նելլի Բաբայանի


















































