Բրազիլիայի իշխանությունները հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: «The Guardian»- ի փոխանցմամբ, նրանք ՖԻՖԱ-ին առաջարկել են քննարկել հետեւյալ առաջարկությունը. ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը զեղչ գներով վաճառել կամ ընդհանրապես փոխանակել այն ֆուտբոլասերների հետ, որոնք կհանձնեն իրենց մոտ գտնվող ապօրինի զենքը:
Բրազիլիայի արդարադատության նախարարությունն այս նորարարությունը դիտարկում է ազգաբնակչության ձեռքում գտնվող զենքն առգրավելու տեսանկյունից: Ավելին, բրազիլական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կառավարության ծրագրում նաեւ զենքն աշխարհի առաջնության խորհրդանիշներով եւ ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով փոխանակելու տարբերակ է մշակվում: Սակայն այս նախաձեռնությունների առջեւ ՖԻՖԱ-ն դժվար թե կանաչ լույս վառի: «Վախենում եմ` երկրում այնքան զենք լինի, որ աշխարհի առաջնության տոմսերը մեզ ընդհանրապես չբավականացնեն», – վերջերս Բրազիլիայում գտնվելու ժամանակ լրագրողներին ասել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալկեն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: