Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ում հարցաքննել են Գոռ Քլոյանի հորը

Դեկտեմբեր 17,2011 12:52

Երեկ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիսը, գրեթե 4 ժամ շարունակ ՀՔԾ-ում հարցաքննության է մասնակցել` որպես Մարտի 1-ի քրգործով վկա: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ քննիչ Գրիգորյանն իրենից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով է հայտարարել, որ գիտի, թե ով է սպանել իր տղային: «Ես ասացի, որ նայել եմ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը որտեղ պարզ երեւում է, որ այն վայրում, որտեղ ոստիկաններից մեկը «Չերյոմուխա-7» է օգտագործում, այդ նույն տեղում է եղել իմ տղան (խոսքը Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի մասին է, որտեղ սպանվել է Գոռ Քլոյանը-խմբ.): Ֆիլմում պարզ երեւում է ներքին զորքերի այդ  ոստիկանը, որն ասում է` այո, ես այսինչ ժամին կրակել եմ այսինչ տեղում, բայց չի բացվել գազային նռնակը: Ես էլ ասացի, որ հիվանդանոցում,վիրահատության ժամանակ իմ տղայի որովայնից հանել են նռնակը եւ ցույց են տվել ինձ: Արդյոք դա չի՞ նշանակում, որ հենց այդ ոստիկանն է սպանել իմ որդուն: Ասում է` կարող է ինքը չի, կողքի կանգնած ընկերն է: Ասում եմ` նրան ձերբակալեք: Ասում է` կարող է ինքը չի: Մի խոսքով, ասում են, որ չեն կարողանում գտնել, թե չորս ոստիկանից ով ում է սպանել»,-ՀՔԾ-ում իր զրույցը պատմեց Քլոյանը: Նրան նաեւ հարցրել են Տիգրան Խաչատրյանի սպանության մասին: Քլոյանը պատասխանել է, որ դրա մասին նույնպես «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից գիտի: Քննիչն ասել է, որ այդ ֆիլմում փաստերը խեղաթյուրված են եւ զոհերի հարազատներին թյուրիմացության մեջ են գցում: Քլոյանը հակադարձել է եւ փորձել քննիչին ֆիլմի եւս մեկ օրինակ նվիրել` ուշադիր դիտելու համար, իսկ քննիչն ասել է, որ պետք չի, 10 հատ ունի: Քննիչ Գրիգորյանը Քլոյանին նաեւ խորհուրդ է տվել այսուհետ բոլոր հարցերով իրենց դիմել, գնալ հարցնել, թե գործի բացահայտումը ուր է հասել, ինչ են արել, ոչ թե լրագրողներին դիմել` հաշվի առնելով, որ խնդիրը քաղաքական է: «Ես էլ ասացի` ո՞նց չդիմեմ, դիմում ենք, որ ամբողջ աշխարհն իմանա որ մեր երեխաների սպանությունը չի բացահայտվել»,-պատասխանել է զոհի հայրը:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031