
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանը մեր զրույցում նշեց, որ բացառվում է սոցիալական ծրագրերին իրենց մասնակցությունը որեւէ ձեւով անդրադառնա ընկերության աշխատողների աշխատավարձերի վրա:
Նա հերքեց լուրերը, թե այս ամիս աշխատակիցների պարգեւավճարներում կամ աշխատավարձերում նվազում եղած լինեն: «Ես 100 տոկոսով կարող եմ վստահեցնել, որ այդպիսի բան չի եղել եւ բացարձակապես չի կարող լինել: Դա իրական չէ, որովհետեւ մեր աշխատողների աշխատավարձերը երբեք որեւէ մեկը չի կարող ցածրացնել, քանի որ դա պետք լիներ իմ ու տնօրեն Իլյա Գարկովի որոշումով, նման որոշում մենք բացարձակապես թույլ չենք տա: Ընդհակառակը, մինչեւ դեկտեմբերի 25-ը մեր հիմնարկի աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրանան, որոշումը արդեն կայացված է: Մեր 1200 աշխատողներից 700-800-ը աշխատավարձերի հավելումներ կստանան: Իսկ ովքեր հավելումներ չեն ստանա, ուրեմն նրանք արդեն բարձր են վարձատրվում: Նոր տարին նշելու համար կլինեն մեծ բոնուսներ՝ ե’ւ աշխատանքային բոնուս, ե’ւ դրանից դուրս մենք պիտի ունենանք նաեւ Նոր տարվա բոնուս` մեր բոլոր 1200 աշխատողներին», – մեր զրույցում պարզաբանեց Հրաչ Ջաբրայանը:
Զրուցակցիս խոսքով, ընկերությունը ոչ միայն մասնակցում է սոցիալական տարբեր ծրագրերի, այլ ինքը ներկայանում է նման նախաձեռնություններով: Բացի «Տաք ձմեռ» ծրագրից, համերգ են կազմակերպել եւ Նոր տարվա Ձմեռ պապի նվեր-տոպրակներ տվել հատուկ կարիքավոր 350 կապանցի երեխայի, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցների 730 երեխաներին ու թոռնիկներին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































