Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ ահազանգ է ստացվել, որ «Միթցուբիշի Մոնտերո» մակնիշի 11 ՏՕ 012 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 56-ամյա Աղվան Դանիելյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում, դեպի Երեւան ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և մոտ 300 մետր բարձրությունից գլորվել ձորը:
Բարեբախտաբար, վարորդը մարմնական վնասվածքներ չի ստացել:
Երբ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները, այդ պահին՝ նշված հատվածում, Ուազ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, խախտելով երթևեկության կանոնները, հատելով բաժանարար գոտին խոչընդոտ է հանդիսացել Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենային, որն էլ բախումից խուսափելու համար ընկել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի պատին:
Մինչ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցներն իրենց աշխատանքն էին կատարում, Մերսեդես C 420 մակնիշի 17 ՍԼ 033 համարանիշի ավտոմեքենան դեպքի վայրում բախվել է «Գազել» մակնիշի Լ 2720 համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար, այդ դեպքում էլ զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ «Գազել»-ը վարել է 51-ամյա Ռուբեն Հակոբյանը, իսկ «Մերսեդես»-ը՝ 26-ամյա Միքայել Գյուլումյանը:
Այստեղ են նաեւ «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Արդեն դեպքի վայր են ժամանում քարշակ ավտոմեքենաներն ու վերամբարձ կռունկը, որպեսզի «Միթցուբիշի Մոնտերո»-ն ձորից դուրս բերվի:
Նշված հատվածում ճանապարհն ամբողջովին մերկասառույցով է պատված և մառախլապատ եղանակ է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: