
Առաջին դատական նիստի ժամանակ չէր ներկայացել ՀԱԿ երիտասարդների փաստաբաններից մեկը՝ Վահե Գրիգորյանը: Այս անգամ դատական նիստին չէր ներկայացել փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Փաստաբանների բացակայության դեպքում գործը քննել անկարելի է: Իսկ Ստեփան Ոսկանյանի հետ անհնար էր կապվել անգամ դատական նիստի ընդմիջման ժամանակ. նրա հեռախոսն արդեն մի քանի օր է՝ անջատված է: Ուստի դատական նիստը դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 27-ը:
Իսկ երբ Տիգրան Առաքելյանին տանում էին դատարանի դահլիճից դուրս, նա դատավարության ներկաներին եւ ՀԱԿ-ի անդամներին հրաժեշտ տվեց «Պայքար-պայքար` մինչեւ վերջ» գոչելով:
Դատարանի շենքի առջեւ հավաքված էին ՀԱԿ ակտիվիստները, որոնք «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Բռնապետի տեղը բանտում է» եւ այլ ցուցապաստառները ձեռքներին՝ լուռ կանգնած էին: Նրանք, երբ տեղեկացան, որ դատական նիստը կրկին հետաձգվել է, սկսեցին բղավել իրենց պաստառների վրա գրվածները: Հետո պաստառները հավաքեցին եւ հեռացան:
Կարդացեք նաև
Այս գործով մեղադրվող Սարգիս Գեւորգյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու փաստաբան Ստեփան Ոսկանյանը չէր եկել նիստին: Նա պատասխանեց. «Չգիտեմ պատճառը, բայց հաջորդ անգամ կներկայանա»: Մեր հարցին՝ համոզվա՞ծ են, որ կներկայանա, չէ՞ որ արդեն 2 օր է չեն կարողանում նրա հետ կապվել, նա պատասխանեց. «Համոզված ենք»: Խոսելով արդեն գործի մասին՝ նա ասաց, որ այն ընդհանուր առմամբ ակնհայտ շինծու է. «Իրենց դիրքորոշումն այսպիսին է, որ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը սկզբից քաշքշել են ոստիկաններին: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք 7 հոգով ենք եղել, ոստիկանների թիվը գերազանցել է մեր թվին մոտավորապես 3 անգամ: Այդ պարագայում 20 րոպե միջադեպ ունենալը նրանց հետ, խոսում է այն մասին, որ իրենք վատ են աշխատում, որ 7 երիտասարդ կարող են այդքան լարված եւ ոչ կայուն պահել իրենց եւ իրենք չեն կարողացել իրավիճակն արագ կարգավորել»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»


















































