Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի 76-ամյա բնակիչ Վոլոդյա Սարգսյանն իրեն հուզող խնդրով բազում ատյանների է դիմել, սակայն՝ ապարդյուն: 1988-89 թվականներին Իջեւանում գտնվող նրա տունը քանդել են, տեղում շուկա կառուցել: Նոր տուն կառուցելու համար նրան տրամադրել են հողամաս:
Տան շինարարության համար Վոլոդյան 1991 թվականի փետրվարի 26-ին Իջեւանի երկաթբետոնյա իրերի կոմբինատին պատվիրել է միջհարկային ծածկի 206 քմ երկաթբետոնյա հենասալեր, որոնց համար մուծել է 4331 ռուբլի: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը փլուզված չէր, ռուբլին դեռ չէր «գահավիժել»: Տարբեր պատճառաբանություններով կոմբինատը ձգձգել է հենասալերի տրամադրումը: 1996 թվականին ձեռնարկությունը լուծարվել է:

Նա ասում է, որ «Իջեւանշինի» լուծարման գործընթացի ժամանակ զբաղված է եղել կաթվածահար եղած իր կնոջ խնամքով: Կինը` տիկին Ալլան, ներկայումս առաջին խմբի հաշմանդամ է, գամված անկողնուն: Վոլոդյա Սարգսյանը, ի թիվս այլ պաշտոնատարների, դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, օրերս Տավուշի մարզ այցելած Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Երկուսն էլ պատասխանել են, որ հարցի լուծումը դուրս է իրենց իրավասության շրջանակներից:
Կարդացեք նաև
2009 թվականին Վոլոդյա Սարգսյանը դիմել է Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոն այցելած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Վերջինս խոստացել է աջակցել, սակայն տեղաշարժ դեռ չկա:
Վոլոդյա Սարգսյանը դեռ սպասում է արդարության հաղթանակին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































