
Վաճառքում հայտնված 20 000 դրամանոց արհեստական կուսաթաղանթներ ներմուծողը՝ «ապրանքը» հեշտությամբ իրացնելու նպատակով, լուրը տեղադրել էր List.am հայտարարությունների կայքում, շեշտել, որ եթե ցանկանում եք վերականգնել կուսաթաղանթն ընդամենը 5 րոպեում, առանց բժշկական միջամտության, առանց ցավի, ապա կարող եք ձեռք բերել այդ արհեստական կուսաթաղանթները:
«Առավոտը» փորձել էլ կապ հաստատել հայտարարության հեղինակի հետ, պարզելու համար՝ արհեստական կուսաթաղանթներ ներմուծողը որտեղի՞ց է դրանք Հայաստան բերում եւ, ամենակարեւորը, մի՞թե դրա օգտագործումը վտանգավոր չէ առողջության համար: Մեր հարցերին ի պատասխան՝ վաճառողը նշել է. «Ինչպես գիտեք, որոշ ազգերի մշակույթներում դեռեւս պահպանված է հարսնացուի կույս լինելու ավանդույթը եւ հարսանեկան առաջին գիշերվանից հետո «կարմիր խնձորի» խորհուրդը: Իսկ կնոջ կուսությունը խիստ կապված է ընտանիքի անվան ու պատվի հետ: Որոշ կանայք կորցնում են իրենց կուսությունը մինչեւ ամուսնությունը՝ սեռական ճանապարհով, սակայն կուսաթաղանթի պատռվելու պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ակտիվ սպորտով զբաղվելը, ֆիզիկական միջամտությունը եւ այլն: Սա կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների կամ մեղադրանքների, վեճերի ու հոգեբանական սթրեսների: Այժմ գոյություն ունի վերոնշյալ խնդիրներից զերծ մնալու լավագույն միջոցը, որն արտադրվել է Մեծ Բրիտանիայում, հաստատված՝ աշխարհի լավագույն գինեկոլոգների ու բժիշկների կողմից, որպես անվտանգ եւ հիգիենիկ միջոց, որը եւ մատչելի է կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունից եւ չի պահանջում բժշկական միջամտություն, անցավ է, ապահով եւ պարզ՝ օգտագործման համար»:
Կուսաթաղանթների վաճառքով զբաղվողը նաեւ շեշտել է՝ «արտադրանքը» ունի օգտագործման պարզ ձեւ եւ աշխատում է 100%-ով: Այն կլինիկապես ապացուցված է որպես ոչ թունավոր մարդու օրգանիզմի համար եւ չի առաջացնում կողմնակի բարդություններ, անցավ է օգտագործելիս եւ ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնում»:
Մանրամասնելով «արտադրանքի» օգտագործման եղանակը, այն իրացնողը նաեւ հորդորում է դիմել խորամանկ քայլերի, քանի որ արհեստական կուսաթաղանթը տեղադրելուց 15-20 րեպե է պահանջվում տղամարդուն խաբելու համար. առաջարկում են ձգձգել սեռական հարաբերությունը, իսկ դրա ընթացքում՝ «ապահովել ցավից տնքացող կնոջ կերպար՝ առավել համոզիչ թվալու համար»:
Վաճառողը նաեւ նշում է, քանի որ փաթեթը արտադրվում է առանց ցուցումների (ինչն արդեն նորմալ չէ.- Ե. Հ.), խնդրում է օգտագործելուց առաջ հետեւել իրենց հրահանգներին, իսկ թե ովքեր են իրենք՝ բժիշկներ, հոգեբաններ, էլեկտրիկներ, թե սանտեխնիկներ՝ հայտնի չէ:
Արհեստական կուսաթաղանթների կիրառության մասին «Առավոտը» զրուցեց նաեւ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ, որի կարծիքով էլ՝ սա հերթական միջոց է, որի օգնությանը՝ իբրեւ փրկարար օղակի, կդիմեն որոշակի կարծրատիպային մտածելակերպի կանայք: «Բժշկական տեսակետից այն հուսալիություն եւ լրջություն չի ներշնչում, քանի որ ենթադրում է թատերական ունակությունների կիրառում (Հարաբերության ընթացքում ապահովեք ցավից տնքացող կնոջ կերպարը՝ առավել համոզիչ թվալու համար): Այս ամենը հանգեցնում է սեռական հարաբերությունների ընթացքի վերահսկման, կեղծիքի եւ սահուն ու անկաշկանդ ընթացքի խեղաթյուրման՝ հետեւանք դառնալով մի շարք լուրջ սեռական խանգարումների, որոնց հետ հաճախ բախվում ենք: Որպես երեւույթի ավելի լուրջ բացասական հետեւանք՝ կարելի է նշել այն, որ արդյունքում զգալիորեն կշատանա խաբված ամուսինների թիվը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել միջանձնային հարաբերությունների խանգարմանը, սեքսուալ նեւրոզների առաջացմանը եւ, ինչու չէ, հետագայում նաեւ՝ ամուսնալուծությունների շատացմանը: Ցանկացած տեսակի հարաբերությունների ամրության գրավականը անկեղծությունն է»,- նշեց Վ. Շահրամանյանը, հավելելով, որ հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Ըստ նրա՝ «մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը եւ «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջիվերջո, սիրո եւ ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ»:
Ե. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































