
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ասուլիսում Կոնգրեսից հեռացողներին «հոգնածներ» ու «հիասթափվածներ» էր կոչել: Aravot.am-ի հարցին` «Ժառանգությունից» հոգնածներ ու հիասթափվածներ չկա՞ն` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, կողմնակից չեմ նման բաժանման, որովհետեւ անգամ կյանքում` կլինի դա ամուսնություն թե ինչ, գոնե կարելի է այդ ապահարզանն էլ քաղաքակիրթ ձեւով իրականացնել: Ոչ թե «Ժառանգությունից» հիասթափվածների խնդիր կա, ուղղակի կա ընդհանուր բոլոր քաղաքական ուժերից, քաղաքական կյանքից, պայքարից հիասթափված լինելու խնդիր: «Ժառանգությունն» իր անդամների ու համակիրների առումով որեւէ կորուստ չի արձանագրել այս տարվա ընթացքում»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` հնարավո՞ր է ընտրություններից առաջ «Իմպիչմենթ» պահանջող ուժերը մասնակցեն մի ցուցակով, ինչին պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է: Դա հավասարազոր է ասել` եկեք քանդենք ամեն ինչ` չասելով, թե ինչ ենք ստեղծում: Եկեք սրանց քշենք, հետո տեսենք ինչ ենք անում, էդպես խելացի ընտրողին փողոց չես հանի եւ ընտրապայքարի մեջ չես մտցնի: Ես անձամբ չեմ տեսնում, որ առաջիկա ընտրափուլում ընդդիմության հաղթանակը լինելու է այդ բանաձեւով, կարծում եմ` դա դեպի պարտության տանող կարճ ճանապարհ է: Եթե մենք ընտրողին ասելու ենք` կապ չունի, թե մեկս ուզում է Ղարաբաղը Ադրբեջանին տալ, մեկս չի ուզում, ուղղակի սրանց քշում ենք` դու էդպես չես կարող մարդկանց հանել պայքարի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































