Պատկերացնո՞ւմ եք` 7 մլն բնակչությամբ բազմազգ եւ բազմակրոն քաղաքում մի ամբողջ օր չաշխատի որեւէ տրանսպորտ` ոչ մետրոն, ոչ ավտոբուսները, փակ լինեն ոչ միայն բոլոր հիմնարկները, այլեւ խանութների եւ սրճարանների 95%-ը: Այդպիսին է Լոնդոնը սուրբ Ծննդյան օրը` դեկտեմբերի 25–ին:
Այնինչ այս քաղաքում օրական 3 մլն զբոսաշրջիկ կա` նույնիսկ Ծննդյան տոներին: Եվ այդ զբոսաշրջիկների դժգոհությունները լսվում էին ամեն քայլափոխի: Ֆրանսիացիներ, իտալացիներ, իսպանացիներ, ռուսներ, չինացիներ ու ճապոնացիներ` տրտնջալով ման էին գալիս, թե՝ մի՞թե կարելի է կաթվածահար անել ամբողջ քաղաքը:
Քաղաքի կենտրոնում հատուկենտ սրճարաններ էին բաց, որտեղ, բնականաբար, տեղ չկար ոչ միայն նստելու, այլեւ մտնելու: Այգիները լեփ-լեցուն էին հոգնած եւ քայլելու ուժ այլեւս չունեցող զբոսաշրջիկներով: Բաց էին նաեւ մի քանի հուշանվերային կրպակներ: Ու վերջ:
Աշխատում էին նաեւ հատուկենտ տաքսիներ, որոնցից գրեթե օգտվող չկար, որովհետեւ նախապես զգուշացնում էին, որ պահանջելու են էքստրա 5-10 ֆունտ գումար, իսկ տաքսին առանց այդ էլ շատ թանկ հաճույք է Լոնդոնում:
Կարդացեք նաև
Սակայն այն, ինչ կատարվում էր հաջորդ օրը` դեկտեմբերի 26–ին, վեր էր ամեն պատկերացումից: Այդ օրը Լոնդոնում Boxing day է, որն էլի ոչ աշխատանքային օր է համարվում: Նախապես Boxing day-ի իմաստը եղել է Ծննդյան տոների նվերների տուփերի` box-երի բացման օր, դա եղել է ընտանեկան հավաքույթների, միմյանց տուփերով նվերներ տալու, միասին ժամանակ անցկացնելու օր: Սակայն այժմ այդ օրը վերածվել է իսկական բռնցքամարտի օրվա:


Պլյուս ամեն ինչին` երեկ մետրոյի գծերից շատերը գործադուլ էին անում` գնացքի վարորդները պահանջում էին այդ ոչ աշխատանքային համարվող օրն աշխատելու համար եռակի շատ վարձատրություն:
Ավելի ուշ, երեկոյան, փակվեցին կենտրոնական մի քանի փողոցներ` այդ փողոցներով երթեւեկություն չկար, հետո նաեւ ավտոբուսները սկսեցին չպլանավորված գործադուլը` մարդիկ կանգառներում հավաքված էին արդեն հարյուրներով, իսկ ավտոբուսները գալիս էին` դիմապակուն գրված, որ չեն աշխատում`not in service: Մի խոսքով` ապավինել այն բանին, որ հնարավոր էր երեկ քաղաքային տրանսպորտով որեւէ տեղ հասնել` անիմաստ էր, տաքսիներն էլ, առիթից օգտվելով, կրկին էքստրա գին էին ուզում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լոնդոն
Հ.Գ.- Ինչպե~ս կարոտեցի իմ սիրելի Երեւանը, որտեղ նույնիսկ Ամանորի գիշերը հնարավոր է բաց խանութներ եւ սրճարաններ գտնել, որտեղ մետրոն եւ երթուղային տաքսիներն աշխատում են բոլոր օրերին, որտեղ տաքսիներից օգտվելն էլ սնանկության չի հանգեցնում, որտեղ խանութներում չեն լինում այնպիսի զգալի զեղչեր, որ մարդիկ ստիպված բռնցքամարտեն «քրջուփալասի» համար… Մեզ մոտ բռնցքամարտերը լինում են երեք շիշ ձեթի համար:




























































