
«Առավոտը» Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ հանդիպման երկու առիթ ուներ. վերջերս կայացած «3D» բալետի երեկոն, որի անվանումը մինչ օրս կուլիսային քննարկումների առիթ է դարձել եւ թատրոնի բալետային խմբի երկարաժամկետ հյուրախաղերը արեւմտյան երկրներ: Մենք «3D»-ին անդրադարձել ենք՝ թերթում զետեղելով հայտագիրը, որի վրա գրված է. «3D» դար եւ «3D» danse:
Մեզ հետ զրույցում Կ. Հովհաննիսյանը պարզաբանեց. «3D» բալետային գալա համերգի նպատակն էր ծանոթացնել հայ հանդիսատեսին համաշխարհային բալետային արվեստի զարգացման երեք՝ 19, 20 եւ 21-րդ դարերի երեք հիմնական ուղղություններին՝ ռոմանտիզմ, դասական եւ ժամանակակից»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ խնդիր էր դրված պարի ու շարժումների միջոցով արթնացնել տվյալ դարաշրջանի հոգին՝ ստեղծելով համապատասխան հոգեւոր միջավայր: Ասաց նաեւ, որ կայացած երեկոյից հետո շնորհավորանքներ է ստացել ու նշել են, թե բեմի վրա «մարմնի լեզվով» ներկայացվել է ռոմանտիզմի շրջանին բնորոշ նրբագեղությունն ու եթերայնությունը, դասական բալետին բնորոշ զգացմունքայնությունն ու գեղեցկությունը, ժամանակակից պարի ռիթմն ու դինամիկան: Մինչդեռ մեզ հետ զրուցած հանդիսականի, այդ թվում, ցավոք, նաեւ որոշ մասնագետների մոտ շփոթություն էր առաջացրել «3D» անվանումը: Պարզվեց, որ նրանք դա շփոթել են ֆիլմերի ցուցադրման եռաչափ հնարքի հետ:
Ինչ վերաբերում է թատրոնի բալետային խմբի երկարաժամկետ հյուրախաղերին, տեղեկացնենք, որ խորհրդային տարիներին է եղել միայն մեկամսյա համերգային ուղեւորություն Արգենտինա եւ Մեքսիկա, իսկ կարճաժամկետ (հիմնականում՝ մենապարողների կազմով)՝ նախկինում բալետի հայ արտիստները ներկայացել են Ալժիրում, Թունիսում, Լեհաստանում եւ այլուր: Վերջին շրջանում մեր բալետային արվեստին ծանոթացել են Թուրքիայում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Սիրիայում, Ուկրաինայում: Կ. Հովհաննիսյանը հաստատելով, որ բալետային խումբն ունի հրավեր, հայտնեց հետեւյալը. «Հյուրախաղերը նախատեսվում են փետրվարի 10-ից, երկու ամիս ժամկետով՝ Ֆրանսիա եւ հարակից երկրներ: Առհասարակ, բալետային երկարաժամկետ հյուրախաղերը եզակի դեպքեր են աշխարհում: Դժվար է լինելու մեր պարողների համար, որովհետեւ նախատեսված է «Սպարտակի» շուրջ 50 ներկայացում: Սակայն այս հարցը դեռ քննարկման փուլում է, փոխհամաձայնության դեպքում կկնքվի պայմանագիր»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































