Եգիպտոսում վերսկսվել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 83-ամյա Մուբարաքին այսօր դատարան են բերել պատգարակով։

Անցած տարվա օգոստոսի 3-ին մեկնարկած դատավարությունը փաստաբանների միջնորդությամբ ընդհատված էր շուրջ երեք ամիս։
Կարդացեք նաև
Մուբարաքը գանգատներ ունի սրտից եւ դատական նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածներում բուժում է ստանում զինվորական հոսպիտալում։
Եգիպտոսը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած գործիչը մեղադրվում է 2011 թվականի սկզբին հակակառավարական ակցիաների մասնակիցների վրա կրակելու հրաման տալու մեջ, ինչը հանգեցրել է շուրջ 850 մարդու մահվան: Մեղքն ապացուցվելու դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում։
Հոսնի Մուբարաքին առաջադրված է կոռուպցիայի մեղադրանք եւս, որով նրանից բացի դատարանի առջեւ են կանգնել նաեւ ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլին, անվտանգության համակարգի վեց նախկին ղեկավար պաշտոնյաներ եւ նախկին նախագահի երկու որդիները՝ Ալաան եւ Գամալը։ Բոլոր այս անձինք ժխտում են իրենց ներկայացված մեղադրանքները։
«Ազատություն» ռադիոկայան


















































