
Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն էր տարածել, թե հայկական կողմի գանգատը մերժվել է եւ հօգուտ ադրբեջանական գանգատի ինչ-որ որոշումներ են ընդունվել։ Սակայն մեզ հետ զրույցում իրավաբան Արա Ղազարյանը նշեց, որ, ըստ էության, որոշումներ չեն եղել, կարեւոր որոշումը կլինի դատարանի վճիռը։ Իսկ թե վճիռը երբ կհրապարակվի, պարզ չէ. ժամկետների վերաբերյալ հստակ ընթացակարգեր չկան։ Հավանական է, որ դա կլինի կամ այս կամ մյուս տարի։
Մինչդեռ բրիտանական BBC-ն գրում է, որ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական կառավարությունները ներկայացնող իրավաբանները նշում են, թե գանգատները պետք է մերժվեին, քանի որ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ Եվրակոնվենցիային միացել են 2002 թվականին, այսինքն՝ դեպքից տասը տարի անց։ Սակայն դատավորները երկու գործերն էլ վարույթ են ընդունել, քանի որ հայցվորները Կոնվենցիայի ընդունումից հետո էլ չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Դատարանը նաեւ ընդունելի է համարել այն, որ հայցվորները ԵԴ դիմել են իրենց երկրների՝ Կոնվենցիային միանալուց 2-3 տարի անց՝ խախտելով վեցամսյա ժամկետը։ Պատճառաբանությունն այն է, որ նրանք խնդրի լուծումը տվյալ դեպքում կապել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ. «Այսինքն՝ դատարանը համարել է, որ ժամկետի ձգձգումը անհարկի չի եղել»։
Սակայն այստեղ կա մի շատ կարեւոր նրբություն. Եվրակոնվենցիային միացել է Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Իրավաբանի համար հետաքրքիր է, թե ինչ հիմքով է հնարավոր պատասխանատվության կանչել ՀՀ-ին, եթե բնակիչները տեղահանվել են ներկայումս ԼՂՀ սահմաններում գտնվող տարածքից. «Իսկ ինչպե՞ս է որոշելու, թե Հայաստանը պետք է պատասխանատվության կանչվի Լաչինում տեղի ունեցածի համար. սա է կենտրոնական հարցն ինձ համար»։
Կարդացեք նաև
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Երկիր»


















































