
«Հայրի՜կ, գրի՜ր, որ դու նրա եղբայրն ես…» …Գեներալը շոյեց աղջկա մազերը, խորհեց եւ կարճատեւ լռությունից հետո ասաց. «Ոչ, Մարգարիտ, այդպիսի կնոջը չի կարելի խաբել, գրենք նրան ճշմարտությունը»։
Այս տողերը ոչ թե «Հ1»-ով ցուցադրվող «Գեներալի աղջիկը» նոր հեռուստասերիալից են, այլ Հրաչյա Քոչարի «Գեներալի քույրը» ստեղծագործությունից, որը ժամանակին մեծ ժողովրդականություն էր վայելում, իսկ գեներալները պատվի, հարգանքի ու ողջախոհության մարմնացում էին:
Վերջին շրջանում սկսել են ֆիլմեր ու հեռուստասերիալներ նկարել նոր գեներալների ու Արցախյան պատերազմի թեմայով: Դրանցից մեկի մասին ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը ազդարարեց վերջերս կայացած ասուլիսում, հույս հայտնելով, որ սերիալների որակը կբարձրանա: Ապա անդրադառնալով նոր հեռուստասերիալին՝ «Գեներալի աղջկան», հիշեցրեց, որ դեպքերը զարգանում եմ Արցախյան պատերազմի ժամանակաշրջանում եւ շարունակվում մինչեւ մեր օրերը: «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի վրա աշխատել է «Աննայի» ստեղծագործական կազմը: Սրանից հետեւում է, որ այս սերիալն էլ, ամենայն հավանականությամբ, լալկանություն եւ ողբ կբերի եթեր: Մինչդեռ անձնվեր հայրենասիրության համար պարտադիր չէ սերիալներում մահ ու արյուն հրամցնել, սերը ներկայացնելիս էլ սեռական ակտը՝ բոլոր մանրամասնություններով: «Գեներալի աղջիկը» սերիալում նաեւ Ղարաբաղի բարբառ կա, որը խիստ նեղացնում է Արցախի համար մղված համահայկական ազատամարտի սահմանները: Չէ՞ որ այդ հաղթանակի մեջ իր ներդրումն ունի երեւանցին, վանաձորցին, գորիսեցին, սփյուռքահայը, բոլորը… մանավանդ՝ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղեր մինչեւ օրս էլ ապրում են ադրբեջանցի դիպուկահարի «թիրախի» տակ: Վերջերս Հայաստանի գյուղերից մեկում թաղման արարողությունը կիսատ են թողել՝ ադրբեջանցիների կրակոցների պատճառով…
Կարդացեք նաև
Չգիտենք, թե ինչ ճակատագիր կունենա «Գեներալի աղջիկը» սերիալի աղջիկը, ենթադրում ենք, որ նրան էլ ինչ-որ մեկը անպայման կսիրահարվի. բարձրաստիճան զինվորականների դուստրերին սիրահարվելը մոդայիկ է դարձել հայկական սերիալներում եւ իրական կյանքում («Բանակում», «Ես եմ» եւ այլն):
Թերեւս մխիթարական է այն, որ հայկական սերիալներում սկսել են պրոֆեսիոնալ դերասանների ներգրավել, տվյալ դեպքում՝ Արմեն եւ Աննա Էլբակյաններ, «Որոգայթում»՝ Հարություն Մովսիսյան, Գարիկ Չեփչյան, «Եզրագծից այն կողմում»՝ Արտաշես Ալեքսանյան եւ ուրիշներ: Բայց երբեմն պրոֆեսիոնալներն էլ չեն նայվում, «իրենց ափսեում» չեն լինում, ինչպես, օրինակ, Գուժ Մանուկյանը՝ «Որոգայթում», Տիգրան Ներսիսյանը՝ «Հանուն սիրո» սերիալում:
Հայրենական պատերազմի ժամանակ ռազմի գրականություն, կինո, երաժշտություն, ընդհանրապես ռազմական ոգին ու հայրենասիրությունը խթանող մշակույթ ստեղծվեց, ԽՍՀՄ-ը նույնը արեց նաեւ աֆղանական պատերազմի ժամանակ, չնայած վերջին պարագայում գերտերությունը ագրեսոր էր: Ցավոք, Հայաստանում Արցախյան ազատամարտը արվեստով ներկայացնելը կարծես դուրս է մնացել երկրի մշակութային քաղաքականությունից ու քաղաքականությունից՝ ընդհանրապես: Ապացույցներից մեկը դիլետանտների մակարդակով ֆիլմեր նկարահանելն է այդ թեմայով: Ախր կինոն հզոր քարոզչամիջոց է…
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































