
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ ԵԴ–ն եվրոպական քաղաքական համակարգի մաս է կազմում եւ, որպես այդպիսին, իր իրավական գործունեության շրջանակներում առաջնորդվելու է համաեվրոպական կառույցներին բնորոշ քաղաքական տրամաբանությամբ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված եվրոպական քաղաքական մտածողությունը միանգամայն արտահայտված է Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից ձեւավորված ու Հայաստանի եւ Ադրբեջանի գործող ղեկավարների կողմից որպես բանակցային օրակարգի հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքներում»: Նշված սկզբունքներն էլ հանգում են /գոնե առ այսօր/ ազատագրված տարածքները ԼՂՀ ինքնորոշման հեռանկարի դիմաց հանձնելու բացարձակապես անընդունելի եւ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տեսանկյունից անհեռանկար բանաձեւին: Ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու ամենակարճ ճանապարհն էլ Հայաստանը ագրեսոր ճանաչելն է: Սա է պատճառը, որ ԵԴ–ն Բաքվի, Սումգայիթի, Գանձակ–Կիրովաբադի ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքները մոռացության մատնելով՝ իր քննության առարկա է դարձրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանի հայցադիմումը: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ԵԴ ուղարկվող դատական հայցերի նախնական ընտրանքը կատարվել է Հայաստանում»,- Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով վերոնշյալ խնդրին, ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Մեր զրուցակցի ունեցած ոչ-պաշտոնական տվյալներով՝ հատուկ այդ նպատակով Հայաստանում ստեղծվել էր մի հասարակական կազմակերպություն՝ արտասահմանյան ֆինանսավորմամբ, որի ներկայացուցիչներն էլ կատարել են հայցադիմումների նախնական ընտրանքը եւ դրանց մի մասը ուղարկել ԵԴ: «Որքան գիտեմ, այդ հկ–ն ստեղծվել եւ գործել է ՀՀ Ադարադատության նախարարության ու, գուցե, ոչ–պաշտոնական հովանավորությամբ: Ելնելով վերը ասվածից կարելի է գալ այն եզրակացության, որ Հայաստանը նպաստել է գործերի այսօրինակ ընթացքին: Այժմ ԵԴ–ն կարող է ասել, որ ինքն ընտրություն է կատարել Հայաստանից ուղարկված հայցերից: Այսինքն, Հայաստանում «հույժ գաղտնի» պայմաններում ստեղծված ինչ–որ կառավարամերձ «հասարակական կազմակերպություն» խաղ է անում երկրի ճակատագրի հետ: Այս պայմաններում, թերեւս, ԵԴ–ն կբավարարի ինչպես գյուլիստանցի հայի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի, այնպես էլ լաչինցի քրդերի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի»,- ասաց պարոն Մելիքյանը:
Ըստ նրա, այսօրինակ իրավական լուծումը նպատակ կունենա քաղաքական ոլորտում հաստատելու այն, որ 1992-1994թթ. Հայաստանը պատերազմել է Ադրբեջանի դեմ, իսկ քանի որ ռազմական գործողություններն ընթացել են մի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես ադրբեջանական, ապա կստացվի, որ Հայաստանը ագրեսոր պետություն է եւ միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է իր զինուժը հեռացնել իր կողմից զավթված տարածքներից: «ՀՀ պաշտոնատար անձանց կողմից մամուլում հնչեցված փաստարկներն այս տրամաբանության շրջանակներում հեշտ է վիժեցնել` բավական է ապացուցել, որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցել են ռազմական գործողություններին կամ ներկայումս մասնակցում են ազատագրված տարածքների պաշտպանությանը: Ցավով ստիպված եմ արձանագրել, որ, հիմնականում սուբյեկտիվ պատճառներով, հայկական երկու պետությունները տանուլ տալով փախստականների գործուն իրավական պաշտպանության կազմակերպման հարցում, կարող են տանուլ տալ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընդհանուր համատեքստում: Ստեղծված իրվիճակը ծանր է, սակայն ոչ անշրջելի: «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ՔՀՑ–ն իր տրամադրության տակ ունի տասնյակ հազարավոր ադրբեջանահայ փախստականների կողմից ներկայացված դիմում–հարցաթերթիկներ, որոնցում ներկայացված է նաեւ նրանց նյութական ու բարոյական կորուստները փոխհատուցելու պահանջ: Ցանկության դեպքում Հայաստանը եւ Արցախը համատեղ ջանքերով եւ փախստականներից ստացված այդ դիմումների միջոցով, կարող են նոր ընթացք տալ գործին` ինչպես եվրոպական զանազան կառույցներում, այնպես էլ ինքնուրույն, միակողմանի քայլեր նախաձեռնելով»,- եզրափակեց Արման Մելիքյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































