Այսօր՝ հունվարի 18-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է 48-ամյա Աշոտ Ավետիսյանը: Ինչպես Aravot.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, Աշոտ Ավետիսյանը, որը բնակվում է Իսակովի պողոտայի 68 շենքում, աշխատում է «Նեպտուն» ՍՊԸ-ի տնօրեն:
Նա այսօր կեսգիշերին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել Արաբկիրի բաժին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր ժամը 00.15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում նրա կողմից վարած BMW X-6 մականիշի 08ՈՕ888 համարանիշի ավտոմեքենային էր բախվել Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Գարիկ Նազարյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի 10ՏՕ737 համարանիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել էին, որ վթարից հետո Ա. Ավետիսյանը իջել էր ավտոմեքենայից եւ սկսել հայհոյանքներ տալով ծեծի ենթարկել Գ. Նազարյանին: Վերջինս մարմնական վնասվածքներ էր ստացել: Երբ ոստիկանները փորձել էին Ավետիսյանին տեղափոխել ոստիկանություն՝ նա չէր ենթակվել:
Աշոտ Ավետիսյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:

Հավելենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ Աշոտ Ավետիսյանը վերադառնալիս էր եղել Բաթումից Երեւան:



















































