Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահների՞, թե՞ Մեդվեդեւի հետ հրաժեշտի հանդիպում

Հունվար 19,2012 13:13

Հունվարի 23-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ նախագահի տեղեկատվական ծառայությունը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Երեկ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատեց տեղեկությունները՝ հայտնելով, որ համանախագահները եւս կմասնակցեն նախագահների հանդիպմանը: ՌԴ արտաքին գործերի նախարարը նաեւ ասել է. «Ռուսաստանը կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը»:

Հանդիպումից օրեր առաջ արդեն սկսվել են մեկնաբանությունները եւ վերլուծություններն այն մասին, թե ինչ է տալու Սոչիում հերթական հանդիպումը, եւ որքանով կարող է այն լինել կարեւոր: Ըստ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ Սոչիում ոչ մի էական բան էլ չի լինելու, քանի որ, սովորաբար, ընտրություններին այսքան մոտ ժամանակահատվածում ոչ մի երկրում ոչ մի էական եւ կարեւոր բան չի փոխվում: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից որեւէ բեկում չեն ակնկալում նաեւ փորձագետները. «Չեմ կարծում, որ առաջիկա հանդիպման ժամանակ ԼՂ հարցում բեկում կարձանագրվի, համենայնդեպս՝ Ադրբեջանի որդեգրած դիրքորոշումները լավատեսություն չեն ներշնչում»,- panorama.am-ի հետ զրույցում ասել է փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:

Ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից՝ Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անօգուտ է համարում: Ըստ վերլուծաբանի՝ հաջողության հասնելու համար ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մեկ այլ միջազգային կառույց պետք է ներգրավվի, որը, հաշվի առնելով նախորդի սխալները, հակամարտության կարգավորմանն ուղղված նոր մոտեցումներ կառաջարկի. «Այս առումով ես հիմնախնդիրը ԵԱՀԿ իրավասությունից հանելու կողմնակից եմ, կողմնակից եմ, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման համար տարածաշրջանային կազմակերպություն ստեղծվի, որի գլխավոր գործող անձինք Ռուսաստանն ու Թուրքիան կլինեն՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս մտքերը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ բանակցային ձեւաչափի որեւէ փոփոխություն նախատեսված չէ, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավականին ակտիվ է աշխատում. «Եթե մենք խոսում ենք ՄԱԿ-ի նպատակների մասին, ապա չպետք է մոռանանք, որ ՄԱԿ-ի նպատակներից է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ մենք չենք կարող չհարգել ինքնորոշման իրավունքը եւ առանց ԼՂՀ ժողովրդի լուծել խնդիրը, այդ պատճառով էլ առաջընթացն առայժմ մշուշոտ է: Մյուս կողմից էլ համանախագահող երկրների նախագահները բազմիցս են հայտարարել, որ Մինսկի խումբը լավագույն ձեւաչափն է հարցի կարգավորման ճանապարհին. այդ մասին խոսել է եւ պարոն Սարկոզին, եւ պարոն Մեդվեդեւը, եւ մենք շնորհակալ ենք բոլոր այն կողմերին, որոնք հնարավորինս ամեն ինչ անում են, որպեսզի բանակցային գործընթացը գնա միայն խաղաղ ճանապարհով, եւ այս իմաստով բարձր ենք գնահատում ՌԴ նախագահի ջանքերը: Իսկ թե ինչո՞ւ առաջընթաց այդպես էլ չի լինում, կարծում եմ, պատասխանը պարզ է՝ պատճառը Ադրբեջանի ապակառուցողական պահվածքն է:

Մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց եւ պնդում ենք, որ երբեք դրանք չեն կարող լինել միակողմանի, եւ առաջին հերթին Ադրբեջանը պետք է ասի իր փոխզիջման մասին եւ կոնկրետացնի, թե որն է այդ փոխզիջումը: Քանի դեռ այդ մասին չի ասվել, քանի դեռ Ադրբեջանը խոսում է պատերազմի մասին եւ պատրաստակամություն չի հայտնում բանակցությունների սեղանի շուրջ նստել ԼՂՀ ներկայացուցիչների հետ, ես մշուշոտ եմ համարում առաջընթացը բանակցային գործընթացում»:

Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմի մասին խոսողները պետք է ընկալեն, որ այն իրենց համար խիստ վտանգավոր կարող է լինել. «Իսկ առաջընթացը բանակցային գործընթացում կախված է միայն եւ միայն Ադրբեջանի կառուցողական մոտեցումից, կլինի՞ Ադրբեջանը կառուցողական՝ կլինի առաջընթաց: Այսինքն՝ այդ երկիրը իր նախագահի շուրթերով ոչ թե պետք է ասի, որ խնդիրը ունի երկու լուծում՝ կամ խաղաղություն, կամ պատերազմ, այլ պետք է գիտակցի, որ չկա «կամ-կամ», կա միայն խաղաղություն: Իսկ պատերազմը աղետ կլինի առաջին հերթին Իլհամ Ալիեւի համար, ինքը վատ է պատկերացնում պատերազմի հետեւանքները, քանի որ պատերազմի ժամանակ ինքը Ստամբուլում զբաղված էր բիզնեսով եւ միլիոններ կուտակելով: Երկրորդը՝ Ադրբեջանը եթե իրոք ուզում է խաղաղություն եւ առաջընթաց, ուրեմն պետք է գիտակցի, որ բանակցային պրոցեսին առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության, չի կարող առաջընթաց արձանագրվել, որովհետեւ որեւէ մեկը ի զորու չէ առանց ԼՂՀ ժողովրդի լուծել խնդիրը»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031