
Այս համատեքստում մեր զրուցակցին առավել հետաքրքրական է թվում մեկ բան. «Կառաջադրվի՞ երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւը, թե՞ ոչ: Կարծում եմ, որ «խաղի կանոններին» չհակադրվելու կեցվածքը, որ նա դրսեւորեց Սոչիի հանդիպմանը, պայմանավորված չէ նրա ընկալումների էվոլյուցիայով»: Պարոն Աթանեսյանի տպավորությամբ, դա միջազգային աջակցություն ունենալու նպատակ է հետապնդում, քանի որ ամեն դեպքում երրորդ ժամկետով նախագահությունը, չնայած Ադրբեջանի սահմանադրությունը չի արգելում, արտաքին աշխարհում կարող է խնդիրներ առաջացնել: Բայց մյուս կողմից Իլհամ Ալիեւն այդ կերպ կարող է հասնել նրան, որ միջնորդները, միջազգային հանրությունը գործ ունենան «իրավիճակը բացառապես անձնական հեղինակությամբ վերահսկող գործչի» հետ. «Դա շատ վտանգավոր կլինի: Այդպիսի նախանշաններ կան. Իլհամ Ալիեւն ասում է. «Կամ խաղաղ ճանապարհով, կամ պատերազմով` միեւնույն է, մենք կհասնենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության»:
Փորձաքարը դա է` ԼՂ կարգավիճակի հարցը եւ Սոչիում, մեր զրուցակցի տպավորությամբ, նման սուր հարցերի չեն անդրադարձել: «Այն իրավիճակում, երբ գլխավոր միջնորդի ապագան պարզ է, նա հեռանում է, անիմաստ կլիներ որեւէ սկզբունքային բանավեճ ծավալել: Ինչ–որ տեղ դա կարելի է նույնիսկ Մեդվեդեւի «վաստակի գնահատման» հանդիպում անվանել»,- ասում է Վահրամ Աթանեսյանը:
Պարոն Աթանեսյանի համոզմամբ, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես Կազանից հետո է. կա խնդրի լուծման գնալու անհրաժեշտության գիտակցում, քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունն այնինչ, ադրբեջանական կողմում բացակայում է: Նրանք շարունակում են միակողմանի զիջումներ ակնկալել: Իսկ միջնորդները նոր գաղափարներ չունեն: «Ինձ հավական է թվում, որ միջազգային հանրության ընկալումներում սկսի գերիշխել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը որպես միակ եւ ոչ շատ ցավալի հանգուցալուծում տեսնելու պատկերացումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































