
Ֆիլմի «Եթե բոլորը…» վերնագիրը նա մեկնաբանեց այսպես. «Մենք գտնում ենք, որ եթե կարեւորագույն հարցերում աշխարհի բոլոր մարդիկ մեկ լինեն, բոլորը ցանկանան՝ խաղաղություն լինի, կլինի: Դա մեր պոզիտիվ վերաբերմունքն է իրականությանը»:
Aravot.am-ը Միքայել Պողոսյանին հարցրեց՝ քանի որ «Եթե բոլորը…» նկարահանվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, արդյոք այդտեղից հետեւո՞ւմ է, որ ինքն այս ընտրությունների ժամանակ դարձյալ կանգնելու է նախագահի ու նրա կուսակցության կողքին:
Մշտապես ՀՀ նախագահի հովանավորության պտուղները վայելող արվեստագետը սկզբում նեղսրտեց՝ ասելով. «Մի քաղաքականացրեք մշակույթը, ավելի լավ է՝ ֆիլմը դիտեք»: Այնուհետեւ ասաց. «Ես կկանգնեմ այն մարդկանց կողքին, ովքեր մեր պետությունը սիրում են, հարգում են եւ թիկունք կանգնում ոչ միայն արվեստի մարդկանց… Ամեն մի արվեստագետ իր նախընտրությունն ունի, եւ շատ բնական է, որ մեկի թիկունքին կանգնում են: Ինձ համար անընդունելի է՝ հանուն եսիմ ինչ հարցերի կանգնելը, ես անկեղծ եմ կանգնում»:
Կարդացեք նաև
Հարցրինք նաեւ, թե ինչո՞վ է իր ֆիլմը տարբերվում նույն թեմայով նկարահանված մնացած ֆիլմերից: «Մեր ֆիլմը ոչ թե պատերազմի մասին է, այլ խաղաղության»,-ասաց դերասանը:

Հետաքրքրվեցինք՝ ծառ տնկելու խաղաղասիրական ակցիաները ազգությամբ ռուսի ձեռքով կյանքի կոչելու տակ ինչ-որ ենթատեքստ կա՞: «Եթե ուզենաք, կարող եք տեսնել, բայց մենք հատուկ իմաստ դրա տակ չենք դրել»,-պատասխանեց արվեստագետը:
Մի դրվագ եւս՝ պատերազմի բովով անցած ֆիլմի հերոսը Սաշային իր նպատակին հասցնելն իրականացնում է գողացված մեքենայով, որի համար նրան ու ընկերներին ծեծում են «գոլդ» համարանիշով մեքենայի տերերը: Հարցին՝ մի՞թե պատերազմ տեսած մարդու պարագայում արդարացվում է մեքենա առեւանգելը, Միքայել Պողոսյանը պատասխանեց՝ ոչ, հետո էլ նշեց. «Կան բաներ, որոնք երբեմն ավելի կարեւոր են, քան ինչ-որ մեկի մեքենան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































