
Թվում է, թե ի՞նչ է եղել որ, ուսուցիչը թող պարապի իր դասը՝ մոռանալով տեսախցիկի գոյության մասին: Սակայն այստեղ առկա է հոգեբանական շատ նուրբ բռնության մի տեսակ, որը կարող է ազդել դասապրոցեսի վրա: Կրկնում եմ, կա անհրաժեշտություն ուսումնասիրել խնդիրը, որովհետեւ լինելով քաղաքակիրթ, իրական ժողովրդավար տարբեր երկրներում, վերահսկողության նման երեւույթի ոչ մի տեղ չեմ հանդիպել: Վստահ եմ, որ եթե տեսախցիկը նպաստեր կրթության կազմակերպման որակին, այն մեծ կիրառում գտած կլիներ կրթության բարձր որակ ապահոված շատ երկրներում: Տեսախցիկը դասարանում եւ մանավանդ՝ ուսուցչանոցում, ինձ համար նույնացվում է ԿԳԲ-ի ագենտի հետ, որի ներկայությունից զզվում են բոլորը: Իսկ ո՞վ եւ ի՞նչ տեխնիկական միջոցով պետք է վերահսկի տնօրենի յուրաքանչյուր քայլը, թե՞ ինքն անձեռնմխելի է:
Տեսախցիկների առկայության նպատակահարմարության մասին Երեւանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ տիկին Աչոյանի տարբերակը, որ դրանք կխթանեն ուսուցիչների դերասանական կարողությունների դրսեւորմանն ու յուրաքանչյուր դասին ստեղծագործաբար մոտենալուն, հիմնավորված չէ, որովհետեւ տնօրենը հետեւում է անձայն դասապրոցեսին եւ տեսախցիկի նպատակը նրա համար լավագույն դասապրոցեսը հայտնաբերելը չէ, այլ ուսուցչին «բռնացնելը» դասարանում եւ ուսուցչանոցում: Իմ կարծիքով, տեսախցիկների առկայությունը դասարանում եւ ուսուցչանոցում վկայում է տվյալ տնօրենի կառավարման ավտորիտար ոճի մասին, որը, ինչպես լրատվությունից է բխում, խրախուսվում է Երեւանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից, այնինչ՝ պետք է մտահոգի: Հիշեցնեմ «Հանրակրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված՝ հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովման պահանջի մասին, իսկ տեսախցիկների առկայությունը դասարանում կամ ուսուցչանոցում հակառակի մասին են վկայում: Տնօրենները չպետք է շփոթեն անօրեն վարորդներին սանձելու աշխարհում ընդունված տեխնիկական մեխանիզմը 6-19 տարեկան երեխաների վարքագիծն իրենց ցանկություններին ու կառավարման հմտություններին հարմարեցնելու հետ:
Երեւանի տնօրեններից մեկի հայտարարությունն այն մասին, որ իրենց դպրոցի դրսի ու ներսի ցանկացած անկյունում տեղադրված տեսախցիկների ծախսերը հոգացել են բարերարներն ու ՀՕՖ-ը, զարմանալի է այնքանով, որ նրանք դպրոցում կրթության կազմակերպման եւ որակի բարձրացման նպատակով տեսախցիկների առկայության անհրաժեշտության մասին պետք է տնօրենի կողմից շատ լուրջ հիմնավորում կարդային կամ լսեին: Ճիշտն ասած, ես էլ կուզենայի լսել այն հիմնավորումը, որը համոզել է բարերարներին ու հատկապես ՀՕՖ-ին, ոչ քիչ գումար ներդնել այդ նպատակի վրա, երբ Հայաստանում շատ ավելի նպատակային ծախսեր կան, որոնց վրա կարող էր ներդնում անել ՀՕՖ-ը:
Կարդացեք նաև
Վերջապես, եթե Երեւանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը հետաքրքրվեր ու ստուգեր այդ տեսախցիկների եւ դրանք սպասարկելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման վրա ծախսված ֆինանսական միջոցների չափն ու աղբյուրները եւ հրապարակեր, շատ ավելի օգտակար գործ կաներ հատկապես այդ դպրոցների համար:
Եվ վերջում, Երեւանի քաղաքապետ պարոն Մարգարյանին առաջարկում եմ հատկապես վերոնշյալ դպրոցների տնօրեններին վերահսկելու համար նմանատիպ տեխնիկական միջոց ներդնել դպրոցներում, որովհետեւ աշակերտներն ու ուսուցիչները կարող են բարձրացնել հետեւյալ հարցը, իսկ ո՞վ պետք է վերահսկի տնօրենի յուրաքանչյուր քայլը:
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
«Առավոտ» օրաթերթ


















































