

«Խնդիրն այն է, որ Վալենտինի ով լինելը հստակ հայտնի չէ: Ասում են՝ կա երկու Վալենտին, որոնցից մեկին կաթոլիկ եկեղեցին ընդունում է, իսկ մյուսին՝ ոչ: Այն Վալենտինի տոնը, որ մենք ենք նշում, չկա կաթոլիկ եկեղեցու տոնացույցում: (Նկատի ունի այն ավանդությունը, ըստ որի՝ Սբ. Վալենտինի սիրելիները փոքրիկ սրտաձեւ բացիկներ են ուղարկել նրան, երբ վերջինս բանտարկված է եղել- Թ. Գ.): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է մյուս Վալենտինին, ով գաղտնի ամուսնացրել է զինվորականներին եւ դրա համար մահվան է դատապարտվել: Շատ հաճախ մեր ժողովուրդը խճճվում է այս ամենի մեջ, ու չի հասկանում, թե ինչ տոն է նշում»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հոգեւորականը նաեւ հավելեց. «Փառք Աստծո, հիմա մարդիկ ավելի շատ փորձում են հետեւել հայ եկեղեցու տոնին: Դրանում մեծ դեր ունեցան Մայր Աթոռը, Արարատյան հայրապետական թեմը ու նաեւ հասարակական աջակցություն եղավ՝ ընդառաջ եկեղեցու մոտեցման»: Քահանան ասում է, որ Հայ առաքելական եկեղեցու տոնի՝ Սուրբ Սարգսի օրվա հետ կապված, ամեն ինչ պարզ է ու հասկանալի. մենք գիտենք ուր գնալ եւ ում աղոթել:
Կարդացեք նաև
«Սուրբ Սարգսի տոնը լավ առիթ է հիշելու Սուրբ Սարգսին եւ նրա նահատակ որդուն: Նրանք նահատակվեցին հանուն քրիստոնեության եւ ոչ թե միայն հանուն գաղափարի, այլեւ հանուն կյանքի ու փրկության: Մենք մեծ սիրով ու երկյուղածությամբ ենք մոտենում այս տոնին: Եվ չնայած Սուրբ Սարգիսն ազգությամբ հայ չէր, բայց նա ընդունվել է մեր ժողովրդի կողմից, ընկալվել եւ ինչ-որ տեղ՝ հայացվել,- նշեց տեր Եսային:- Սուրբ Սարգիսը միշտ մեր ժողովրդի կողմից ընկալվել է որպես երիտասարդների երազանքները, նպատակներն իրականացնող սուրբ եւ ժողովուրդը նրան ասել է մուրազատու»: Ինչպես ընդգծեց տեր հայրը, Սուրբ Սարգիսը ոչ թե սիրահարների հովանավոր սուրբն է, այլ երիտասարդների եւ առհասարակ բոլոր մարդկանց բարի, մաքուր իղձերը կատարողը:
Ըստ տեր Եսայու, Սբ. Սարգսի տոնին աղաբլիթ ուտելը հին ու գեղեցիկ ավանդույթ է, որը գալիս է հին ժամանակներից. «Գեղեցիկ է, քանի դեռ դրա մեջ չի դրվել գուշակություն: Եկեղեցին պահպանում է ազգային գեղեցիկ ավանդույթները, քանի դեռ դրանք չեն խեղաթյուրվում եւ չեն վնասում մարդու հոգեւոր կյանքին…»:
Նշենք, որ Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, եւ այդ օրը բոլոր եկեղեցիներում երիտասարդների օրհնություն է լինելու:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
















































