
Խնդիրն այստեղ այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զուրկ է քաղաքական ինքնուրույնությունից եւ թերեւս գտնվում է խաչաձեւ ազդեցության տակ։ Մի կողմից նրան ճնշում է Սերժ Սարգսյանը, իսկ մյուս կողմից էլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե դրան գումարենք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագան, ապա պարզ կլինի, որ ԲՀԿ-ն ներկայումս կարծես թե խճճված վիճակում է եւ չգիտե, թե երեք նախագահներից որ մեկի հետ մնալն ու աշխատելն է ճիշտ։ Այդ կարգավիճակով ԲՀԿ-ն միաժամանակ թե՛ նվեր է բոլոր երեք նախագահներին էլ, ովքեր կազմում են այսօր Հայաստանի քաղաքական կյանքի երեք շարժիչ առանցքները, թե՛ միաժամանակ բավական լուրջ վտանգ է նրանց համար։ Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանի մեջ կենտրոնացված է բավական զգալի վարչական ռեսուրս, նաեւ նյութական ռեսուրս, ու դրանից բացի՝ նաեւ լյումպեն ընտրազանգվածի բավականաչափ մեծ ռեսուրս։ Մի կողմից դրական է, երբ այդ ռեսուրսը ըստ էության ոչ մեկինը չէ եւ կարող է համապատասխան աշխատանքի դեպքում դառնալ նաեւ քոնը՝ զգալի առավելություն ընձեռելով մյուս երկու մրցակիցների հանդեպ, կամ նրանց ստիպելով էապես հաշվի նստել քեզ հետ։
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
«Ժամանակ»



















































