
ԲՀԿ-ական պատգամավորի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով Aravot.am-ը դիմեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանին: «Վարդան Բոստանջյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը: Կուսակցության դիրքորոշումն արտահայտում է կուսակցության նախագահը, իսկ այդ հարցի վերաբերյալ պարոն Ծառուկյանը բազմիցս է արտահայտվել, եւ ոչինչ չի փոխվել դրանից հետո»,- հայտարարեց Խաչիկ Գալստյանը` նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի «այդ մասին` հաջորդ դասին» ձեւակերպումը:
Վարդան Բոստանջյանը իր ասուլիսում նաեւ հայտարարել էր, թե ԲՀԿ-ի վրա ճնշումներ չկան, եւ սա այն դեպքում, երբ դրա մասին բազմաթիվ պատեհ առիթներով ավելի վաղ հայտարարել էին ինչպես ինքը` Բոստանջյանը, այնպես էլ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ինչպե՞ս բացատրել այսօր եւ դրանից առաջ արվող հայտարարություններում առկա հակասությունները: Ի պատասխան մեր այս հարցի, Խաչիկ Գալստյանն ասաց, թե իրենք որպես ճնշում դիտարկվող բոլոր նմանատիպ տեղեկություններն ու ահազանգերը ուշադրությամբ ուսումնասիրում եւ վերլուծում են: «Դրանք բոլորը պարն Ծառուկյանն ընդունում է ի գիտություն ու միայն այդքանը: Այդ տվյալները ամբողջությամբ համադրելուց հետո մենք հանդես կգանք վերջնական եզրակացությամբ»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը` հավելելով, թե «ԲՀԿ-ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»:
ԲՀԿ-ական պատգամավորի այսօր արած հայտարարություններից մեկն էլ այն էր, թե` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ ոչ միայն վստահության պակաս չկա, այլ ավելին` ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն անգամ փոխհամաձայնեցված կարգով կառաջադրեն իրենց մեծամասնական թեկնածուներին: Խաչիկ Գալստյանն այս առնչությամբ էլ ասաց, թե այդ խնդրի շուրջ եւս խոսելու առիթ եղել է եւ ասվել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանձնարարականներ է տվել կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին` բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում առաջարկել 2-3 թեկնածու, որոնց պոտենցիալն ուսումնասիրելուց հետո կորոշվի նրանց` կոնկրետ մեծամասնական ընտրատարածքում առաջադրելու հարցը: Այնպես որ այս հարցում եւս ոչինչ չի փոխվել:


















































