
Նրա խոսքերով, մեքենայի պետհամարանիշները չերեւալու համար անհրաժեշտ է այն ծածկել որեւէ կտորով կամ թաղանթով. «Միայն այդ դեպքում է հնարավոր պետհամարնիշները փակել եւ որեւէ տեսախցիկ այն չի ֆիքսի, սակայն այդպիսի համարանիշներով մեքենան չի վրիպի ճանապարհային ոստիկանի աչքից»: Նա ասաց, որ մեր վարորդները բազմաթիվ մեթոդներով են փորձել համոզվել, թե իրենց խախտումներն արձանագրվո՞ւմ են. «Քաղաքացիներից մեկն իր մեքենայի պետհամարանիշները ծածկել էր «ֆոլգայով» եւ այն փողոցներում, որտեղ տեղադրված են տեսախցիկներ, խախտումներով երթեւեկում էր: Բնականաբար, նրան բռնեցին»:
Ըստ Նորիկ Սարգսյանի, խախտումների տուգանքներից կարող են խուսափել միայն ոստիկանները, ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարության աշխատակիցները. «Հավատացեք, որ նրանց համար շատ ավելի լավ կլիներ, որ նրանց նկատմամբ էլ տուգանքներ կիրառվեին, որովհետեւ նրանց խախտումների առթիվ հանձնաժողով է կազմվում եւ հնարավոր է, որ կարգապահական տույժեր կիրառվեն»:
Այն հարցին, թե տուգանքների ենթարկվածների մեջ կա՞ն, արդյոք, «գոլդ» համարանիշներով մեքենաներ, նա պատասխանեց. «Իհարկե՝ կան, կան նաեւ շքեղ մեքենաներ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե մեքենաներն իրար շատ մոտ հեռավորությամբ են երթեւեկում եւ խախտում անում, ո՞ր մեքենայի խախտումն է տեսախցիկն արձանագրում, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ արձանագրվում է միայն առաջին մեքենայի խախտումը, բայց ժամանակի ընթացքում այդ բացը կլրացվի:
Նա ասաց նաեւ, որ արձանագրված խախտումներից գանձված գումարների 30%-ը գնում է ներդրող «Սեքյուրիթի» ընկերության բյուջե, քանի որ ընկերությունը պարտավորվել է 7 տարի այստեղ ներդրումներ անել. «Շուտով տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ հանրապետության այլ քաղաքներում»:
Նրա ներկայացմամբ, վերջին 3 տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցում կա, սակայն անցյալ տարի տարին ամփոփվեց պատահարների քանակի աճով: Նա բացատրեց, որ այդ ամենը պայմանավորված է տրանսպորտային միջոցների քանակի աճով, քանի որ անցած տարում Հայաստան է ներկրվել 50.000 նոր մեքենա, ինչպես նաեւ ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ, քանի որ այս պարագայում ոչ մի դեպք դուրս չի մնում պետական հաշվառումից:
Վերջում նա նշեց, որ որոշ փողոցների թույլատրելի արագությունները փոխվել են. «Աճառյան փողոցում՝ 80 կմ/ժ, Սարալանջի պողոտայում՝ 70 կմ/ժ, Երեւան-Սեւան մայրուղում բնակելի հատվածներում՝ 70կմ/ժ»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ


















































