Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապօգնության» բժշկին ծեծելով սպանողին սպառնում է ցմահ ազատազրկում

Փետրվար 03,2012 17:14

Դեռևս հունիս ամսին, Գյումրու «շտապօգնության» բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանին իր տան մեջ ծեծելով սպանելու մեղադրանքով ձերբակալեցին 28-ամյա Արտակ Կարապետյանին:

Գյումրու «շտապօգնության» տնօրեն Ռուբեն Թորոսյանը մեր զրույցում պատմում էր, որ այս երիտասարդը գիշերվա կեսին, հարբած վիճակում «շտապօգնություն» է կանչել իր հոր համար, սակայն շտապօգնության մեքենան դեռ տեղ չհասած՝ թռել է մեքենայի մեջ, վայր գցել վիրաբույժ Աշոտ Գրիգորյանին ու սկսել ծեծել: Ըստ «շտապօգնության» ղեկավարի, 5 անգամ դաժանաբար խփել է բժշկին, նախքան տուն մտնելը ոտքերով հարվածել նրան: Չնայած դրան, Հիպրոկատի երդում տված վիրաբույժը բարձրացել է Արտակենց տուն ու բուժօգնություն ցուցաբերել նրա հորը: Սա էլ չի մեղմել երիտասարդի զայրույթը, վերջինս դարձյալ հարձակվել է բժշկի վրա, ստիպել չհեռանալ ու հսկիչ մնալ իր հոր մոտ, պատանդ է պահել նաև բուժքրոջը, մի խոսքով, պատմությունն ավարտվել էր բժշկի մահվամբ:

Արտակին ձերբակալել էին, տեղափոխել էին Արթիկի գաղութ ու մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում:

Այսօր դատարանում սկսվեց ու անմիջապես հետաձգվեց աղմուկ հանած այս գործի քննությունը: Տուժողի իրավահաջորդը` բժշկի կին Ջուլիետա Սիրեկանյանը, դատարանին հայտնեց, որ այսուհետ իր շահերը պաշտպանելու է փաստաբան Սուսաննա Մխիթարյանը, վերջինս էլ երկու շաբաթ ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: «Պիտի հասցնեմ ծանոթանալ ու քաղհայց կազմել, այսինքն մահվան հետ կապված նյութական վնասի հատուցման պահանջ եմ ներկայացնելու, որը վերաբերում է հանգուցյալի թաղման արարողությանը` մեր ծիսակատարություններին համապատասխան և գերեզմանը կառուցելու ծախսեր:Կարելի է և առանձին քաղհայցով մտնել, բայց օրենքը թույլատրում է նաև քրեական գործի հետ լուծել քաղհայցի հարցը:Մենք էլ ուզում ենք օգտվել այդ իրավունքից, որովհետև բժշկի ընտանիքը նյութապես էդքան ապահովված չէ, որ մի հատ էլ ծախսեր անեն, մտնեն դատարան` վնասի փոխհատուցում պահանջելու», -ասաց Սուսաննա Մխիթարյանը:

Aravot.am-ը դատական նիստից հետո զրուցեց նաև ամբաստանյալի ծնողների հետ: Հայրը` տաքսու վարորդ Արամայիս Կարապետյանը պնդում էր, որ իր որդին բժշկին չի խփել, այլ Աշոտ Գրիգորյանը վատառողջ է եղել , քեֆը մի քիչ լավ, իրենց բազմոցին նստած վատացել է, բուժքույրն էլ դեղ է ներարկել, որից հետո բժիշկը տեղում մահացել է: «Կինո են հանել, առաջին օրը քննիչները եկան, նայեցին, բժշկի մարմնի վրա ոչ մի հետք չկար, բայց 12-14 ժամ հետո նախարար Քուշկյանի հրամանով ֆոտոշոպով նկարներ հանեցին, բժշկի մարմինը կտրտած, այլանդակված՝ էդպիսի բան չկար: Իմ տղան բժշկին քաշքշել էր` հարցնելով, թե դու քեզ չես կարող տեր լինել, քեզ ով է ուղարկել, դու ոնց ես հիվանդին նայելու: Քննությունը միակողմանի է, ցմահ հոդվածից են խոսում: Էնքան արեցին, որ տղայիս ընտանիքը քայքայվեց , կինը երեխայի հետ թողեց հեռացավ»,- ողբում էր հայրը:

Ծնողներն ասացին, որ այս դեպքից հետո մահացել է իրենց ավագ որդին, ծանր ապրումների պատճառով աշխատանքի վայրում շինարարությունից ընկել ու մահացել է՝ որբ թողնելով երկու երեխաներին: «Տունս ավերվեց, մնացինք մարդ ու կնիկ, ճի՞շտ է այդպես վարվելը: Լավ կլիներ ինձ տղայիս հետ մեկտեղ դնեն ու գնդակահարեն:Մի մարդու կամքով` քննիչ, դատախազ, բոլորը ցուցմունքները փոխեցին»,-մղկտում էր հայրը:

Ամբաստանյալի մայրը`Լուսյա Հովսեփյանն էլ ասաց, որ սարսափահար է լինում «շտապօգնություն» բառից, հաճախակի է վատանում, սակայն մահվան դուռն էլ գնա, չի թույլ տալիս, որ իր համար «շտապօգնություն» կանչեն: «Տղա էր , վրդովված էր, տեսավ հոր վիճակը վատացավ: Իզուր «շտապօգնություն» կանչեցինք, ճակատագրական դարձավ: Բժիշկը մեր տուն մտավ շատ գունատ, նրան երակային սրսկում տվեցին: Այն դեղը, որը պիտի սրսկեին ամուսնուս՝ բուժքույրը բժշկին ներարկեց ու նա միանգամից աչքերիս առաջ մահացավ: «Շտապօգնության» վարորդն ասում էր, մի սրսկի Լամարա մինչև երկրորդ «շտապօգնություն» չգա, բայց հնար չեղավ, բժիշկն էլ ձեռքով նշաններ էր անում, որ բուժքույրը չսրսկի»:

Հոր ասելով, թե բուժքույրը և թե վարորդը առաջին օրը ճիշտ ցուցմունք են տվել, սակայն երկրորդ օրը լրիվ այլ բան են պատմել: Հայրը պահանջում է արտաշիրմում. «Դաժան բան է էլի , մարդուն մեռած տեղից հանեն, նորից մեռցնեն, ես չեմ սիրում, բայց դանակը ոսկորին է հասել: Տեսնենք՝ էդ մարդու մարմնի ո՞ր մասին է հարված եղել: Եթե սպանություն է լինում , ապա մարդու օրգանները պիտի սառնարան դնեն, սառցնեն մինչև դատավարության վերջը: Մի դատարանով հո չի՞ վերջանա , վերջը գերագույն, եվրոդատարան կա: Ես շատ բան չեմ պահանջում` բժշկի սիրտը թող բերեն, միայն սիրտը, ինքը ինֆարկտով է մահացել: Եթե գանգուղեղային հեմատոմա լիներ, մի հատ խփես՝ մեկից կընկնի, դա ակնթարթային մահ է: Բայց էդ մարդը 10-15 րոպե մեր տունն է եղել»:

Ի դեպ, նախորդ դատական նիստը ևս չկայացավ, քանի որ 28-ամյա Արտակ Կարապետյանը հրաժարվում էր ծանոթանալ իրեն ներկայացված մեղադրանքին` պահանջելով գործը միանգամից քննել եվրադատարանում: Փաստաբան Թամարա Յայլոյանի ասելով, թեև օրենսդրորեն նման կարգ գոյություն չունի, սակայն սա ապացույցն է, որ նա հուսալքված է, չի վստահում ոչ մեկին:

Դատավորը՝ Էդուարդ Մանուկյանը արդեն երկու անգամ հետաձգելով դեռևս չսկսված դատավարությունը, լրագրողներին ասաց. «Ոնց որ թարս լինի, մեկ մեղադրյալն է ժամանակ պահանջում գործին ծանոթանալու համար, մեկ իրավահաջորդը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Տեսանյութը՝ «Գալա» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829