
Իհարկե, սա դեռ կոալիցիոն իշխանական երկու ուժերի վերջնական ապահարզան չէ։ Խորհրդարանը այն հարթակը չէ, որտեղ կայացվում են նման շրջադարձային որոշումները։ Դա երկու կուսակցությունների ղեկավարների բացառիկ իրավունքների շրջանակներում է։ Բայց իր այս քայլով ԲՀԿ-ն հստակ ցույց տվեց, թե իրականում որքան բան է կախված իրենից իշխանության պահպանման տեսանկյունից եւ թե ուղղակի կամ անուղղակի խորհրդարանական ընդդիմությանը հակվելու դեպքում ինչ լրջագույն խնդիրներ կարող է առաջադրել թե՛ ՀՀԿ-ին եւ թե կառավարությանը, որոնք սովոր են առանց դիմակայության ու առարկությունների ԱԺ-ում հաստատված տեսնել իրենց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ անկախ դրանց բովանդակությունից։ Ողջ խնդիրն այն է՝ որքանով ակնհայտ տակտիկական բնույթի այս քայլը գաղափարական ենթահող ունի։ Եթե դա պարզունակ հակադրության կամ անհատական շահերի արտահայտություն է, ապա այն ոչ մի լուրջ հետեւանք դժվար թե ունենա։
«Երկիր»


















































