
Անդրադառնալով ցուցակներին, Զոյա Թադեւոսյանն ասաց, որ իր համար խնդիր չի դրել անպայման հայտնվել ցուցակներում. «Կլինեմ հավանաբար, դա այն խնդիրը չէ, որի մասին ամբողջ օրը պետք է մտածեմ: Մեր քաղաքական թիմով այդ հարցը չենք քննարկում, թե ես կլինեմ, նա կլինի: Իրականում դա կլինի մերիտոկրատիկ ցուցակ, որին ժողովուրդը կհավատա, կվստահի: Այդ ցուցակի անդամները կգնան ԱԺ ոչ թե իրենց համար տանիքներ փնտրելու, այլ նրա համար, որ լծվեն աշխատանքի: Ինչ վերաբերում է իմ հավակնություններին, ես ունեցել եմ իմ կյանքում հավակնություններ, որոնց աշխատել ու հասել եմ»:
Նշենք, որ Արտակ Դավթյանը Զոյա Թադեւոսյանի ուսանողն է եղել եւ նրանց մեջ բանավեճ չստացվեց: Aravot.am-ի հարցին, թե պարոն Դավթյանն ինչպիսի՞ ուսանող է եղել, այն ժամանակ իր քաղաքական կողմնորոշումը գիտեի՞ք` դասախոսը վստահեցրեց, որ նա լավ է սովորել, ազնիվ, համեստ, խելոք տղա է եղել. «Քաղաքական հայացքները թաքնված էին: Ա’յ, եթե այն ժամանակ ես զգայի`գիտեի ինչ կանեի»: Արտակ Դավթյանն էլ հիշեցրեց, որ այն ժամանակ ինքը կոմկուսի անդամ է եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































