
Ինչ վերաբերում է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությանը, ապա չեմ կարծում, որ դրանից պետք է մեծ շոու սարքել: Ամեն դեպքում՝ խորհրդարանի ղեկավարությունը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը: Բայց տեղի ունեցածից մեծ շոու սարքելու փոխարեն՝ ավելի ճիշտ կլիներ, որ «Ժառանգության» մեր գործընկերները մասնակցեին քվեարկությանը, այլ ոչ թե մի բաժակ ջրում փոթորիկ սարքեին»:
Հայտարարության մեջ կար անթաքույց ակնարկ, որ կատարվածի կրկնության դեպքում դուրս կգան ԵԺԿ-ից. «Նման հանցավոր գործունեության եւս թեկուզ մեկ դրսեւորման պարագայում «Ժառանգություն» կուսակցությունը պիտի չկարողանա` ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ էլ որեւէ այլ կերպ, հաշտեցնել ԵԺԿ կոչվող եվրոպական կուսակցությունների մեծ ընտանիքին իր մասնակցությունը հակաժողովրդավարական, հակահայկական եւ հակաեվրոպական վարքագծի պատասխանատուների ներկայության հետ»: ՀՀԿ խոսնակը մեր զրույցում սա անվանեց «ոչ այլ ինչ, քան քաղաքական էժան հնարք, որը դժբախտաբար, արդեն սովորություն է դարձել մեր գործընկեր ընդդիմադիր կուսակցության մոտ», եւ հավելեց. «Մենք շատ բարձր ենք գնահատում Հայաստանում քաղաքական իրական ընդդիմության եւ իրական քաղաքական պայքարի ու քննադատության արժեքը, եւ մենք էլ գտնում ենք, որ առանց մրցակցության եւ քննադատության հնարավոր չէ կառուցել ժողովրդավարական երկիր: Բայց մենք դիմել էինք ԵԺԿ-ին անդամակցելու ոչ թե հաշվի առնելով, թե այս կամ այն կուսակցությունը եւս կարող է դրան մաս կազմել, այլ քանի որ արժեքային համակարգով մեր ապագան կապում ենք ժողովրդավարական Եվրոպայի եւ քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական արժեքների հետ: «Ժառանգությունն» իր վրա ուշադրություն սեւեռելու անհրաժեշտություն ունի ընտրություններից առաջ եւ շահարկում է ՀՀԿ-ի անունը, որպեսզի իր մասին էլ հիշեցնի»:
Կարդացեք նաև


















































