Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ՏԻՄ ընտրություններ էին նաև Շիրակի մարզի 8 համայնքներում: Բացառությամբ մի քանիսի, օրինակ՝ Արթիկի շրջանի Պեմզաշեն, Նահապետավան ու Գեղանիստ գյուղերի՝ մնացած բոլոր վայրերում ընտրություններն անցել են միօրինակ ու տաղտկալի, ավելի ճիշտ այն սցենարով, որը նախապես մշակել էին ՀՀԿ-ական գյուղապետերը: Վերջիններս ընտրական շոու էին կազմակերպել, ձեւականորեն իրենց դեմ էին հանել գյուղապետարանի աշխատակիցներին` ցույց տալու համար, որ հարգում են ընտրական նոր օրենսգրքի պահանջը` համաձայն որի, պարտադիր է մրցակից ունենալը: Իսկ ընտրությունների օրն իրենց ենթականերին բաշխել էին ճիշտ այնքան ձայն, որքան ունեն նրանց ընտանիքի անդամները:

Նույն սցենարն է նաեւ Վահրամաբերդում. վերընտրվել է գործող գյուղապետը` ՀՀԿ-ական Աղվան Մարտիրոսյանը, որի դեմ պայքարում էր գյուղապետարանում դարձյալ գլխավոր մասնագետ աշխատող, դարձյալ անկուսակցական Սեդրակ Գեւորգյանը:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ն հաղթել է նաեւ Բասենում, թեեւ այստեղ գործող գյուղապետը վաղուց էր հանել տվել իր աշխատակցի թեկնածությունը:

Մի խոսքով, Շիրակի մարզում մեծամասամբ վերընտրվել են ՀՀԿ-ական գյուղապետերը, այս առումով թերեւս բացառություն է Արթիկի շրջանի Տուֆաշեն համայնքը , որտեղ տեղի ունեցավ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրություն: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը գյուղն ալան-թալանի ենթարկելու, աշխատել չսիրելու պատճառաբանությամբ՝ վերջերս պաշտոնանկ էր արել ՕԵԿ-ական գյուղապետ Համազասպ Մխիթարյանին: Նրա փոխարեն ձայների մեծամասնությամբ գյուղապետ ընտրվեց դպրոցի տնօրենի եղբայրը` անկուսակցական Արտակ Եգորյանը: Գյուղից ընդամենը 12 հոգի են նրան դեմ քվեարկել:
Նշենք, որ կաթոլիկական Արեւիկ համայնքում էլ ավագանու ընտրություններ էին, Շիրակի մարզպետարանից հաստատեցին մեր տեղեկությունները, որ այստեղ էլ ավագանի են դարձել գյուղի ջրի, լույսի ու գազի մարդիկ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































