
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին
Կարդացեք նաև
Երևանի Մաշտոցի պուրակում՝ Մարգարյանի անվան հիվանդանոցի դիմաց՝ Մաշտոցի, Կողբացու, Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում, ընթանում է ապօրինի շինարարություն: Համաձայն ԶԼՄ-ների հրապարակումների` Երևանի Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների սեփականատերերը ապամոտաժված կրպակները տեղափոխում են վերը նշված տարածք և իրականացնում տաղավարների կառուցապատում: Կառուցապատումը տեղի է ունենում Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող շուրջ 1000 քառակուսի մետր հանրային այգու տարածքում:
Հասարակության ներկայացուցիչների և ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից թե գրավոր, թե բանավոր պահանջ է ներկայացվել պետական պատկան մարմիններին` դադարեցնել ապօրինի շինարարությունը և գործել օրենքի սահմաններում, միևնույն ժամանակ տրամադրել իրավական հիմքերը` փաստաթղթերը շինարարական գործունեություն ծավալելու համար, սակայն ապօրինի շինարարությունը վերահսկող լիազորություններ ունեցող պատկան մարմինները այդպես էլ որևէ գործողություն չեն ձեռնարկել` միջամտելու ապօրինի շինարարությանը և ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել:
Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող հանրային այգու տարածքում կրպակ` տաղավարների կառուցապատում իրականացնող անձինք հանրությանը պատկանող այգում իրենց կողմից ծավալված գործունեության վերաբերյալ հանրության ներկայացուցիչներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին որևէ իրավական հիմք` շինարարություն իրականացնելու թույլտվության և այլ փաստաթղթերի վերաբերյալ, չեն ներկայացրել: Կառուցապատումն իրականացնելու վերաբերյալ ցուցափեղկ կամ ցուցապաստառ նույնպես տեղադրված չէ:
Ակնհայտ է, որ Երևանի Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող հանրային այգու տարածքում տեղի ունեցող կառուցապատումը փոխում է հանրային այգուն տրամադրված հողի նպատակային նշանակությունը, որն էլ հանգեցնում է շրջակա միջավայրի փոփոխության, մինչդեռ շրջակա միջավայրի նման փոփոխության մասին լայն հասարակայնությունը տեղեկացել է ապօրինի շինարարական աշխատանքներ իրականցնելու ժամանակ:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի` սահմանված է հետևյալը. «…Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են`ա) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը. բ) հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից.գ) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը”:
Համաձայն “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 13 հոդվածի` սահմանված է հետևյալը. “…Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`
ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը` մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.
գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:”
Համաձայն “Քաղաքաշինության մասին” ՀՀ օրենքի 14 հոդվածի` սահմանված է հետևյալը. “Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը. տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին”:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 148 հոդվածի` սահմանված է հետևյալը. “Անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը. անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով”:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 315.2 հոդվածի` սահմանված է հետևյալը. “Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը,
Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամաuերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը`
– պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով”:
Հիմք ընդունելով վերոգրյալը` պահանջում ենք օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը` հարուցելով քրեական գործ:
«Ժառանգություն» կուսակցության Բնապահպանական հարցերով հանձնաժողով



















































