Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյան. «Միակն եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել»

Փետրվար 14,2012 16:06

Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի) նշանակված դատական նիստն ավարտվեց բենզինի յուրացման գործով մեղադրվող, ամբաստանյալներ Սամվել Մախուրյանի, Արա Լեւոնյանի եւ Ստեփան Կարախանյանի նախաքննական ցուցմունքների հրապարակմամբ: Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակիցները, որոնք, ըստ էության, ցուցմունքներ էին տվել իրենց նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ՝ հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալ: Այս իսկ պատճառով մեղադրող Հարություն Հարությունյանը հրապարակեց նախաքննության ժամանակ նրանց տված ցուցմունքները:

Այս ցուցմունքները լսելուց հետո Մարգար Օհանյանը հայտարարեց. «Այսօրվա ցուցմունքները՝ 3 ամբաստանյալների, որոնք իմ նախկին ենթականերն են, շատ հանգամանքներ փոխեց: Ի սկզբանե շատ անհասկանալի էր, թե ինչու են վերջին անգամ նրանք հարցաքննվել սեպտեմբերի 15-ին, ուշացումով, եւ մեղադրանք առաջադրվել՝ ինձ օժանդակելու համար: Իսկ իմ խափանման միջոցն օգոստոսի 30-ին է փոխվել՝ 4 օրվա վկայից դարձել եմ կասկածյալ: Բազմաթիվ հարցեր ունեմ: Ես միակ մարդն եմ սրանցից ,որ բենզինի հետ կապ չեմ ունեցել»: Նա դատարանից խնդրեց 3 օր, որպեսզի նախապատրաստվի հարցերին: Չնայած ամբաստանյալները՝ վկայակոչելով իրենց իրավունքները, հրաժարվել էին ոչ միայն ցուցմունք տալուց, այլ նաեւ հարցերին պատասխանելուց: Մարգար Օհանյանն ասաց, որ, այնուամենայնիվ, կհնչեցնի իր հարցերը:

Ճանապարհային ոստիկանության տեխնիկ, օժանդակող Սամվել Մախուրյանը միակն էր, որ օժանդակել է բենզինի յուրացմանը, սակայն ինչպես գրել էր նախաքննության ժամանակ իր ցուցմունքում, որեւէ նյութական ակնկալիք չի ունեցել: Նա իր մի քանի հարցաքննությունների ժամանակ հայտնել էր, թե իրեն տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանն է ասել, որ ցույց տա ոչ այնքան բենզին, որքան ստացել է գումարտակին բաժանելու համար: Նա լիովին իրեն մեղավոր էր ճանաչել, իսկ դատական նիստին հետեւում էր գլուխը կախ եւ կարմրած:

Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը կտրոններ է բաշխել: 2011թ.-ին, ըստ իր ցուցմունքի, բաշխել է 457 770 բենզինի կտրոն: «Հանձնարարել եմ այնքան, որքան հանձնարարել է Մարգար Օհանյանը»,- գրել էր իր նախաքնական ցուցմունքում:

Նա անցյալ տարվա օգոստոսի 29-ի ցուցմունքում, որը տվել է վկայի կարգավիճակով, հայտնել էր. «Ինձ իր մոտ կանչեց Մարգար Օհանյանը եւ հանձնարարեց, որ 1-ին եւ 2-րդ գումարտակների կտրոններից պիտի ամեն ամիս իրեն տամ: Ընդհանուր, 119 400 լիտր կտրոն եմ նրան տվել»: Ըստ իր ցուցմունքի, 2009 դեկտեմբերից մինչ 2011 հուլիսը նա Մարգար Օհանյանին է տվել 739 640 լիտր բենզինի կտրոն:

«Ինքնագլուխ չեմ տվել, այլ Մարգար Օհանյանի բանավոր ցուցումներով»,- ասել է նա:Այս ամբաստանյալը ոչ միայն լիովին ընդունել էր իր մեղքը, այլ խնդրել էր հաշվի առնեն այն հանգամանքը, որ ինքն օժանդակել է «հանցագործության բացահայտմանը»: Նա արդարացել էր նաեւ, որ գնացել է այդ քայլին հետագա խնդիրներից խուսափելու համար, քանի որ կազատվեր պաշտոնից, եւ զղջացել էր, որ օժանդակել է Մարգար Օհանյանի յուրացումների համար:

2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը հարցաքննվել էր 10 անգամ: Եթե առաջին երկու հարցաքննությունների ժամանակ նա ասել էր, որ տեղյակ չէ բենզինի 50-60 տոկոսի չափով հավելագրումներից, ապա երրորդ հարցաքննության ժամանակ՝ անցյալ տարվա օգոստոսի 29-ին հաստատել, որ իրականում գումարտակի բենզինը ստացել է Արա Լեւոնյանից, եւ որ ինքը բենզինի պակասի հետ կապված դիմել է Մ.Օհանյանին, սակայն նա ասել է՝ տեղյակ է եւ «այդպես է պետք»: Կարախանյանն ասել էր նաեւ, որ ՃՈ բենզինից հասցրել է իր ընտանիքի անդամներին, ծանոթներին, թե ինչքան է տրամադրել՝ չէր հիշել: Այս ամբաստանյալը գրել էր, որ գտնվել է Օհանյանից ծառայողական կախվածության մեջ, փաստացի ստացել է մի քանի տոննայով պակաս բենզին, ու չի գնացել Մարգար Օհանյանի դեմ, քանի որ խնդիրներ կունենար: Նա հայտնել էր, որ վերականգնել է պետությանը հասցրած վնասը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Արա Լեւոնյանը հայտնել էր, որ Մարգար Օհանյանն է հանձնարարել ամեն ամիս իրեն կտրոններ տալ, քանի որ նա բենզինի կտրոններից վերեւներին էր տալիս: Այն ժամանակ Լեւոնյանը չէր հարցրել, թե «վերեւներ» ասելով ո՞ւմ նկատի ունի Մարգար Օհանյանը:

Հաջորդ նիստին գուցե Օհանյանն իրոք ասի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829