
Պարոն Բադալյանը, որի գրեթե ոչ մի հրապարակային ելույթ չի լինում առանց «Ժառանգության» դաշտին մի «քար գցելու», այսօր կրկին հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը՝ «Երկու շաբաթ շարունակ ԶԼՄ–ները փոխանակ քննարկեին ՀԱԿ–ի Օպերա մտնելը, քննարկում էր հացադուլը»: Բայց պարզվում է, որ «Ժառանգությունը» ոչ միայն ՀԱԿ-ից է հասարակության ուշադրությունը շեղել, այլեւ ԲՀԿ-ից: Ըստ պարոն Բադալյանի՝ երբ նոյեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի մասին հայտարարեց որպես 3-րդ ուժի, դրանից հետո ԲՀԿ-ն հաղթեց Իջեւանի քաղաքապետարանի ընտրություններում, եւ գտնվում էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հանկարծակի հունվարին մի ուժ շեղեց բոլորի ուշադրությունը՝ քննարկման դնելով հեռանկար չունեցող մի հարց՝ 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելը, եւ դրանով ԶԼՄ-ների ուշադրությունը շեղվեց ԲՀԿ-ից: Լրագրողների հարցին՝ ուզում եք ասել, որ դա իշխանությունների պատվերո՞վ էր արված, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ես չեմ ասում դա իշխանության պատվերով էր, ես փաստն եմ ասում, թող ամեն մեկն ինքը հասկանա»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ


















































