
Ինչպես հայտնի է, այս տարի՝ փետրվարի 19-ին՝ բուն Բարեկենդանի օրը, սկսվում է քառասնօրյա Մեծ պահքը, որը ենթադրում է կենդանական սննդից հրաժարում: Սամվել սարկավագ Հարությունյանն էլ մեկնաբանում է, որ պահեցողության հիմքը զղջումն է ու կատարած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելը. «Ուտելիքն ընդամենը արտաքինն է: Եթե չկա հոգեւորը, բուսական սնունդով սնվելը կորցնում է իր իմաստը: Պահքը միջոց է՝ կամքը կոփելու համար»: Պահք պահելու օգտակարությունն ընդգծելու համար Սամվել սարկավագը մեջբերեց հետեւյալ պատմությունը. «Վանականներին հարցնում են՝ ճի՞շտ է, որ պահք եք պահում: Վանականները պատասխանում են. չգիտենք՝ պահում ենք, թե՝ չէ, բայց որ պահքն է մեզ պահում, դա հաստատ է»: Ինչպես նշեց Սամվել սարկավագը, եթե մարդ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կամ դժվարանում է պահք պահել, ապա կարող է օրվա մեջ սնվել մեկ անգամ կամ հրաժարվել քիմքին հաճելի ուտեստներից ու քաղցրեղեններից, ինչպես նաեւ՝ կախվածություն առաջացնող երեւույթներից, օրինակ՝ թղթախաղ, սուրճ, թմրանյութ, հեռուստասերիալներ, սոցիալական ցանցեր. «Ինտերնետում ժամերով նստելով եւ անիմաստ ժամանակ վատնելով՝ կարծես դատարկություն ենք զգում: Այդտեղ չկա հոգեւոր բան, հետեւաբար կարելի է պահքի օրերին հրաժարվել Facebook մտնելուց, ինչպես ընկերներիս մի մասն է պատրաստվում անել»: Հոգեւորականը հավելեց, որ քրիստոնյան ազատ է իր ընտրության մեջ. «Բայց զավզակություն անելու փոխարեն պահքի շրջանում կարելի է խոսել լավ երեւույթներից, չբամբասել, չհայհոյել»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































