Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը ՀՔԾ-ից հաղորդումը ստացել է եւ քայլեր կձեռնարկի

Փետրվար 20,2012 21:15

Լուսանկարը՝ «Երկիր Մեդիա»-ի

«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում էր ներկայացրել՝ փետրվարի 9-ին ՀՀ խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՀՔԾ-ն իր հերթին այս հաղորդումը քննարկելու համար վերահասցեագրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին ՀՔԾ-ին ներկայացրած հաղորդման մեջ նշել էր, թե հիշյալ պատգամավորները խախտել են ՀՀ Սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգ-օրենքը, նաեւ որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ընդունելով կատարվածը, եւս խախտել են ԱԺ կանոնակարգը՝ կարգազանց պատգամավորների նկատմամբ կարգապահական որեւէ միջոց չձեռնարկելով:

Այսօր արդեն ի լրումն առաջին հաղորդագրության, Ռուբեն Թորոսյանը ՀՔԾ –ին եւս մի հաղորդում է ներկայացրել հանցագործությունների մասին, որտեղ որպես՝ կարգազանց պատգամավորներ, ավելացվել են ուրիշի փոխարեն քվեարկած Լեռնիկ Ալեքսանյանի եւ ԱԺ փետրվարի 9-ի նիստի օրը գործուղման մեջ գտնված, բայց քվեարկությունների համար «գրանցված» Կարեն Ավագյանի անունները:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն Aravot.am-ին փոխանցեց, թե անցած շաբաթավերջին ստացել է ՀՔԾ-ից ուղարկված հաղորդումը եւ ծանոթացել դրան: Նա չբացառեց խնդրո առարկայի առնչությամբ որոշակի քայլեր ձեռնարկելը, բայց ասաց, թե իր որոշման եւ հնարավոր քայլերի մասին կասի առաջիկա օրերին:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ «Առավոտին» ասաց, թե ինքն իրեն հռետորական հարց է տալիս ու չի կարողանում հասկանալ՝ Ռուբեն Թորոսյանն ո՞վ է, որ իրեն նման գործունեություն ծավալելու իրավունք է վերապահում: Պատգամավորը կարծիք հայտնեց, թե դա Թորոսյանի համար ավելի շատ իր ճանաչելիությանն ուղղված ակցիա է, քան «լուրջ կոմպոնենտ պարունակող խնդիր», որովհետեւ «Ռուբեն Թորոսյանը չէ, որ պետք է այդ խնդիրը բարձրացնի»:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ մինչ ինքը՝ Կարեն Ավագյանը, ԱԺ փետրվարի 9-ի նիստին ներկա չի եղել, որովհետեւ Բրյուսելում այդ օրը մասնակցել է ԵԺԿ նիստին, բայց փաստացի «գրանցվել» է, պատգամավորն արձագանքեց. «Նման խնդիրներ կան եւ դրանք բնորոշ են աշխարհի բոլոր խորհրդարաններին, եւ մեր խորհրդարանն էլ, ցավոք, անցած տարիներին դրանից զերծ չի մնացել, չնայած, որ բազմաթիվ անգամ այլոց փոխարեն չքվեարկելու հորդորներ են եղել: Ինձ թվում է, որ բոլոր պատգամավորները, առաջին հերթին դա ինձ է վերաբերում, իրենց աշխատանքի ընթացքում պետք է հնարավորինս խուսափեն նման երեւույթներից, եւ չկանգնեն նման իրավիճակի առաջ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829