
Արձագանքելով այս հայտարարություններին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մարդը ինքը պետք է գոնե 0,01 տոկոս վարկանիշ ու հեղինակություն ունենա, որպեսզի որեւէ քաղաքական ուժի վարկանիշի վերաբերյալ հայտարարություններ ու դատողություններ անի»: Բացի այդ, ըստ Գեւորգյանի, Ադիբեկյանի ներկայացրած թվերով ստացվում է, որ ԱԺ-ում հայտվելու են միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ու նոր խորհրդարանը նույնիսկ այսօրվա պատկերը չի ունենալու: «Դա արդեն իսկ ծիծաղելի է»,- նշեց Գ. Գեւորգյանը: Ինչ վերաբերում է Պողոսյանի պնդմանը, թե՝ կուսակցությունը մարզերում աշխատանք չի տանում եւ ճանաչում չունի, կամ հարցումներում «չի երեւում», ապա ըստ կուսակցության ներկայացուցչի, մարզերում իրենց ճանաչվածության մասին կարող են խոսել ոչ թե Երեւանում նստած սոցիոլոգները, այլ մարզերի բնակիչները, որոնց հետ «Ազատ Դեմոկրտների» ներկայացուցիչները ամենօրյա շփման մեջ են: «Ի դեպ, հենց այսօր մեր կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Լոռու եւ Շիրակի մարզեր, որտեղ բազմամարդ հանդիպումներ են ունեցել մեր տարածքային կառույցների անդամների եւ բնակչության հետ»,- մանրամասնեց Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է այս կուսակցությունն իշխանությունների հետ կապելու փորձերին, ապա նրա մատուցմամբ, նման անհեթեթ կարծիքները անիմաստ է մեկնաբանել` հատկապես հաշվի առնելով դրանց հեղինակներին:
Գեւորգյանը, ի պատասխան մեր հարցին՝ իսկ արդյոք կուսակցությունը վարկանիշ ունի՞ եւ պատրա՞ստ է հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու 5 տոկոսանոց շեմը, հայտարարեց, թե կուսակցությունը «պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ ամեն ինչ անում է ոչ միայն ԱԺ-ում հայտնվելու շեմը հաղթահարելու, այլ խորհրդարանում նշանակալի ներկայություն ունենալու համար»:


















































