
Պարոն Ռուստամյանը գտնում է, որ նման հարցումները նախընտրական քարոզչության գործիք են ընդամենը. «Եթե ուզում եք տեսնել, թե ով է քարոզչության հետեւում կանգնած, տեսեք առաջին տեղերում ովքեր են: Ով պատվիրում է՝ նա էլ առաջին տեղերում է հայտնվում: Հիմա մի քիչ որ այդ բաները բոլորը հասկացել են, այնպես են անում, որ տարբեր տեղերից գրեթե նույն պատասխանը լինի, որ իբր թե օբյեկտիվություն ցույց տան: Բայց մենք գիտենք,որ այդ նույն հասարակության, քաղաքական, տնտեսական բոլոր ոլորտների մոնոպոլիզացիան հասցրել է նաեւ սրան: Մոնոպոլ իրավիճակում ի՞նչ հարցումների մասին կարող է խոսք լինել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ՀՅԴ-ն ունի՞ իր հաշվարկները եւ հաշվե՞լ է իր հնարավոր քվեների քանակը՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք մեր կայուն ընտրազանգվածն ունենք, հենց այն պատճառով, որ մենք գաղափարական-քաղաքական կուսակցություն ենք եւ մեզ այսպես թափառող ձայներ պետք չեն: Մեր ձայներն աճել են կայուն, գիտակցված ընտրողի շնորհիվ: Մեզ ձայն կտա այն քաղաքացին, որը կվստահի ու կընդունի մեր մոտեցումները, բայց քանի որ Հայաստանում այդպիսի գիտակցված ընտրողների քանակը դժբախտաբար շատ քիչ է, դրա համար մեր գործը դժվար է: Բայց մենք այդ դժվար գործից չենք հրաժարվելու: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն է, չես կարող ժողովրդին փչացնելով գաս իշխանության, հետո ծառայես նրան: Ինչ մեթոդներով գալիս ես, նույն մեթոդներով էլ շարունակում ես ղեկավարել: Եթե մենք ընտրակաշառք ենք վերցնում, չպիտի բողոքենք ընտրակաշառքի ծաղկումից երկրում, որովհետեւ եթե դու առիթ ունեիր քո ընտրության միջոցով կաշառք վերցնելու, այդ պաշտոնյաները ունեն բազմաթիվ առիթներ, ինչի՞ նա չպիտի վերցնի: Դու բարոյական իրավունք էլ չունես նրան քննադատել, որովհետեւ քո հնարավորությունը այդքան կաշառք վերցնելն է եղել՝ վերցրել ես, մյուսինը շատ է եղել՝ շատ է վերցրել: Ընտրակաշառքով իշխանության եկողը կոռուպցիայի դեմ ո՞նց կպայքարի: Սա է մեր համակարգի արատը, սրանից պետք է ազատվել՝ գիտակցված ընտրողի եւ գիտակցված քվեի միջոցով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































