
Ներկա միջազգային-քաղաքական իրողությունների պայմաններում առաջիկա ընտրությունների արժանահավատության հարցը ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի միջազգային հեղինակության, որքան եւ նույնիսկ ավելի ներքին կայունության, ուրեմն եւ անվտանգության ապահովման խնդիր է։ Հիշենք, թե ինչ եղավ 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտում։
Ներկայումս տարածաշրջանային իրադրության կտրուկ սրման պայմաններում, Հայաստանի ներքաղաքական բեւեռացումը, առավել եւս հնարավոր նախընտրական բախումները կարող են շատ ավելի վտանգավոր հետեւանքներ ունենալ։
Ազգային-պետական շահը պահանջում է ընտրապայքարի բոլոր մասնակիցներից հրաժարվել ցանկացած միջոցներով ընտրություններից «առավելագույնը քամելու» մտադրությունից։ Դա վերաբերում է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, որովհետեւ առաջինին աջակցող ուժերի մաքսիմալիզմը կարող է նույնքան հիմք ստեղծել ընտրությունների արժանահավատությունը կասկածի տակ դնելու համար, որքան ընդդիմության՝ «այսօր, կամ երբեք» նշանաբանը։
Կարծում ենք, երկրում ստեղծված քաղաքական ուժերի կոնկրետ հարաբերակցությունն այնպիսին է, որ հարկ է առաջիկայում հավասարապես չափավորվել երկու հակադիր բեւեռների ամբիցիաները հանուն առավել կարեւոր ազգային-պետական առաջադրանքների իրականացման։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































