
Նիկոլ Փաշինյանը ցուցակ հրապարակեց, թե ովքեր պետք է դատապարտվեն եւ ում ունեցվածքը պետք է բռնագրավվի: Այդ ցուցակում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պաշտոնավարած այլ անձինք: Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում Փարանձեմ Տոռոզյանն այրում էր նրանց նկարները, որոնց անունները հնչում էին:
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց նորովի ինքնակազմակերպվել, ասաց, որ մեր երազած Հայաստանը մեզ ոչ ոք չի մատուցելու՝ մենք պետք է այն կերտենք. «Ես ընտրում եմ ապագան, ես ընտրում եմ ազատությունը, որովհետեւ ես Գոռ Քլոյան եմ: Ես Տիգրան Խաչատրյան եմ»: Եվ այդպես հերթով հնչեցրեց մարտի 1-ին բոլոր զոհվածների անունները եւ հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան՝ դուք իմ արյունը չեք մարսելու»:
Նրան հաջորդեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթը, որը հիմնականում վերլուծեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունը: Նաեւ անդրադարձավ ճանապարհների փակ լինելու փաստերին՝ դրանք անվանելով իշխանության վախի վառ դրսեւորում ու ապացույցը:



















































