
Մեր զրուցակցի ասելով, մարդկության ողջ պատմության ընթացքում ծախու արվեստագետներին տրվող վարձը միշտ նույնն է մնացել` 30 արծաթ, երբեմն գումարի կուրսի փոփոխությամբ, որը երբեք օգուտ չի բերում, դրանից ոչ մեկը չի երջանկանում ու չի հարստանում, սակայն փոխարենը վարկաբեկվում է թե արվեստը և թե արվեստագետը: «Շատ մեծ սխալ է մեր արվեստագետներին, մշակույթով զբաղվող մարդկանց համարել հեղինակ, իրենք ընդամենը գործիք են, գրիչ են, վրձին են, ստեղնաշար են, որի վրա նվագում է այն գերբնական ուժը, որը եթե ուզում է , նվագում է, դու ես քո գործիքը, իսկ եթե դու գործիքը կեղտոտում ես, վարկաբեկվում ես: Գյումրիից եկավ այն թթու խոսքը. մի տառ են փոխում մտավորական բառի մեջ և ամեն ինչ իր տեղն է կանգնում: Դուք այդ տառը գիտեք, ես չեմ ուզում կրկնել, բայց դա նշանակում է , որ նրանք դավաճանել են նախ արվեստը, երկրորդը՝ իրենք իրենց, և բնականաբար ճանապարհին դավաճանել են և ազգը, որովհետև եթե բանվորը աշխատում է, արտադրում է , որ ինչ–որ մեկը արվեստով զբաղվի, դա նշանակում է , որ ժողովուրդը, հատկապես հայ ժողովուրդը, որը սիրում է արվեստը. ցանկացած տաքսիստ, կամ զոդող Շիրազ կկարդա անգիր, նա տալիս է քեզ հնարավորություն խոսելու, երգելու մի պայմանով` ազնիվ լինես»:
Տիգրան Խզմալյանն իր ասելիքը ընդհանրացրեց Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմից մի խորհրդանշանական պատկեր մեջբերելով: «Ծերացած Սայաթ–Նովան մտնում է տաճար` վերևը կավագործը տեղադրում է կարասներ, կարասները տաճարների գմբեթների տակ դրվում էին երկու պատճառով, առաջինը, որպեսզի հնչեղություն ապահովվի, երկրորդը, որովհետև դա յուրահատուկ մթնոլորտ և ջերմաստիճան է ապահովում, որ քարե կտուրների սալիկները չճաքեն և դա ստուգում է ճաք կա՞ կարասի մեջ, թե՞ ոչ: Այդ պահին տեսնելով երգչին` կավագործը վերևից ճչում է` երգի, իսկ Սայաթ–Նովան մի քանի ձայնով սկսում է երգել «Աշխարհումս», իսկ բանվորը լսում է և տեսնում է , որ ճաք չկա: Այսինքն օգտագործում է երգչի ձայնը որպես չափանիշ և երբ որ տեսնում է, որ իր գործը լավ է արել, ասում է ` մեռի , այսինքն դու այլևս պետք չես, դու կատարեցիր քո գործը: Ես փշաքաղվում եմ, երբ մտածում եմ, թե ինչ ֆանտաստիկ խորհուրդ դրեց Փարաջանովը դրա մեջ, այ դրա համար է` Սայաթ–Նովան պետք և մինչև հիմա պետք է: 200- 250 տարի անց մարդիկ ինչու են երգում, որովհետև ճիշտ է, շիտակ է, ազնիվ է , կեղծ չէ` երեք լեզվով մարդիկ շարունակում են Սայաթ–Նովա երգել: Նա երգեց և քանի դեռ պետք էր` ապրում էր, երգեց ու մեռավ, այլևս պետք չէր: Մեր արվեստագետներից շատերի խնդիրը այն է, իրենք ժամանակին չմեռան, իրենք մեռան արվեստում և շարունակում են կրել այն դափնիները, որոնց իրենք այլևս արժանի չեն, ոչ միայն ապրել է պետք, այլ նաև գեղեցիկ, ճիշտ մեռնել»,– եզրափակեց Տիգրան Խզմալյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































