
Իսկ Ռ. Էլիբեկյանը ներկայացրեց Իգիթյանի ֆենոմենը. «Նա նպատակ էր դնում իր առջեւ եւ հասնում դրան` հաղթահարելով ժամանակի բոլոր փորձությունները»:
Նշենք, որ Հ. Իգիթյանը ստեղծագործում էր սովետական իշխանության տարիներին, երբ կենտկոմը վերահսկում էր նաեւ նկարիչների գործունեությունը: Օրինակ՝ 3 անգամ հետաձգվել է Ժամանակակից արվեստի թանգարանի բացումը: Ինչպես Ռ. Էլիբեկյանն է փաստում, Հ. Իգիթյանը չընկճվեց արգելքներից եւ, վերջապես, 1972 թ.-ին հիմնեց թանգարանը: «Նա պաշտոնական ցուցահանդեսներ էր կազմակերպում` երիտասարդ նկարիչների մասնակցությամբ, նույնիսկ հավաքագրում էր նկարիչների արգելված գործերը եւ ցուցադրում: Նա մշակութային գործիչ էր` բառի ամենաբարձր իմաստով»,– հավելեց գեղանկարիչը:
Լեւոն Իգիթյանի խոսքերով` այսօր սովորական երեւույթ է դատարկ բաների շուրջ հավաքվելը եւ կիսատ-պռատ մարդկանց հռետորությունը, մինչդեռ ժամանակին նկարիչները գործում էին նույնիսկ ձերբակալման վտանգի տակ. «Մեր արվեստագետները սովետական ռեժիմին հաղթեցին` մոռացած իրենց դժվարությունները: Հենց ռեժիմին հակառակվելն էր միավորում մարդկանց: Հենրիկ Իգիթյանը մենակ չէր, այդ հզոր թիմն էր միավորված նրա շուրջ»: Լ. Իգիթյանի կարծիքով` դեռեւս 1960-ականներից զարգացում ապրած հայ կերպարվեստն այժմ հավասարը չունի աշխարհում:
Կարդացեք նաև
Նշենք, որ վաղը Հենրիկ Իգիթյանի հիշատակին նվիրված ցուցահանդես կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ այսօր` Գեղագիտության ազգային կենտրոնում:
Հավելենք, որ Հ. Իգիթյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, ալբոմների, արվեստաբանական հոդվածների: Պարգեւատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու և Մխիթար Գոշի անվան մեդալներով: Վախճանվել է 2009 թ. մայիսի 11-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































