
Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե այն, ինչ տեղի է ունենում Կոնգրեսում՝ իր համար սպասելի էր. «Տվյալ պարագայում, իհարկե, ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելու բարդությունները կարող են տարբեր անձնական հավակնությունների պատճառ լինել: Բայց առաջին հերթին, այս ժայթքման առիթ եմ համարում նախկինում տարբեր հարցերում ՀԱԿ-ի մարտավարական եւ ռազմավարական որոշումների վերաբերյալ ներքին դժգոհությունները, որոնք այն ժամանակ Կոնգրեսի շրջանակներից դուրս չէին գալիս, եւ որոնց մասին այսօր ակնարկ արվեց»:
Այդ դեպքում ինչո՞ւ այսօր այդ նախկին ու ներքին դժգոհություններն այսօր ջրի երես դուրս եկան, եթե խնդիրը այս չորս ուժերի մատուցմամբ՝ ամենեւին էլ մանդատների համար պայքարի համատեքստում չէ: Ըստ Ստեփան Սաֆարյանի, «համամասնական ցուցակն ու մանդատների խնդիրը չկարգավորված կամ չհամաձայնեցված անձնական հավակնությունների պատճառ է, բայց նաեւ առիթ է այլ հարցերի վերաբերյալ նախկին դժգոհությունն ի ցույց դնելու համար»:
Այս զարգացումները խորհրդարանական ընտրություններից առաջ կարո՞ղ են թուլացնել ՀԱԿ-ին կամ արդյոք դրանով Կոնգրեսի համամասնական ցուցակն ավելի խոցելի՞ կլինի: «Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ն իրեն ներկայացնում էր որպես միավորված ընդդիմություն, եւ այս զարգացումների մասին տեղեկություն ստացող քաղաքացու համար առաջին տպավորությունն այն է, որ ՀԱԿ-ում ոչ միայն միավորում չկա, այլեւ հակառակ պրոցեսը՝ տարանջատում կա: Միավորման էֆեկտը միշտ քաղաքական ուժին լրացուցիչ հնարավորություններ եւ համակիրների բանակ է բերում: Այս պարագայում, ես հիմա ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես փորձագետ եմ ասում, համարում եմ, որ տեղի ունեցածը կթուլացնի ՀԱԿ-ի դիրքերը»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:
Կարդացեք նաև


















































